Ցանկացած օրենք կազմելիս պետք է կոռեկտ լինել տերմինների ընտրության հարցում: Այդ մասին խորհրդարանում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխությունները: Նրա խոսքով, չի կարելի վարձու աշխատողներին խաղի նոր կանոններ պարտադրել՝ նրանց այդ մասին չհարցնելով:

«Ժամանակին դուք հենց այսպես ներդրեցիք սոցիալական ապահովագրության գումարները, իսկ այժմ փոխեցիք: Դուք վատթարացնում եք այդ մարդկանց նյութական վիճակը»,- ասել է Մինասյանը: Նա նաեւ անթույլատրելի է համարել հղիույան վճարումները նպաստ անվանելը: «Եթե մեզ՝ պատգամավորներիս արձակուրդային անվանեն նպաստ, մեր դո՞ւրը կգա: Դուք կասեք, ինչ նպաստ, մենք աշխատող մարդիկ ենք: Իսկ այստեղ մարդկանց վերածում ենք խնդրարկուների, ոչ ավելին»,- նշել է նա։