Վաշինգթոնում, նոյեմբերի 18-ին, Սպիտակ Տանը ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացվել է Հայոց ցեղասպանության ժամանակների հայ որբերի գորգը: Այդ գորգը 1925-ին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջուին նվիրել են՝ ի նշան երախտագիտության ցեղասպանության ժամանակ ամերիկյան օգնության համար:
ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ ցուցահանդեսի բացման առթիվ ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը եւ Դավիդ Վալադաոն, ինչպես նաեւ նրանք գործընկերներ Ջուդի Չուն, Դեւիդ Չիչիլինեն, Քեթրին Քլարքը, Ջոմ Կոստան, Ջեյմս ՄաքՀովերնը եւ ջոն Սարբեյնսը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ մամուլի ասուլիս են կազմակերպել՝ կոչ անելով ԱՄՆ վարչակազմին մերժել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի բերաններ փակելու քաղաքականությունը:
Այնուհետեւ մամուլի ասուլիսի մասնակիցները ուղեւորվել են ցուցահանդեսի վայր:
«Սա պարզապես գորգ չէ, այլ շոշափելի կապ 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետ, գեղեցիկ հերքում բոլոր նրանց, որոնք ժխտում են 1,5 մլն հայերի սպանությունները, բռնի տեղահանությունները»,-ասել է Ադամ Շիֆը: Նա հույս է հայտնել, որ այս գորգը կարող մեծացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը ամերիկացի նոր սերնդի շարքերում, եւ ակտիվացնի 2015-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը:
Հատկանշական է, որ գորգի մոտ գտնվող ցուցանակի վրա միայն գրված է, որ այն պատրաստել են «որբերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ», առանց նշելու հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն է հատկացրել հայերին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սպիտակ տանը պահվող ցուցանմուշի ցուցադրությունը 2013թ.-ի դեկտեմբերին չեղյալ էր հայտարարվել, հնարավոր է Թուրքիայի բացասական արձագանքից խուսափելու համար: Գորգը գործել են հայ որբերը 1920-ական թթ.-ին եւ պաշտոնապես ներկայացրել ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին 1925թ.-ին: Այն պատրաստել են Հազիր քաղաքում(ներկայիս Լիբանանում գտնվող քաղաք)՝ ի նշան երախտագիտության Հայոց ցեղասպանության տարիներին Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար:




























