Իհարկե Ռամիլ Սաֆարովը հանցագործ է եւ դա չի վիճարկվում: Այս մասին, ԵԽԽՎ Մշտական Կոմիտեի բրյուսելյան հանդիպման ընթացքում, Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետեւանքով`«Դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիայի ոչ օրինաչափ կիրառումը կանխարգելելու միջոցների վերաբերյալ» (Measures to prevent abusive use of the Convention on the Transfer of Sentenced Persons) զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը:
Երբ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար պարոն Քրիստոֆեր Չոփը հայտարարել է, թե Ադրբեջանն ազատել է դատապարտված մարդասպանին, ով կացնահարել է քնած մարդուն եւ հերոսացրել նրան` այդպիսով խախտելով նշված կոնվենցիայի հիմնարար սկզբունքներից մեկը` 12-րդ կետը` այդ փաստաթղթի բարեխիղճ կիրառման մասին, Սամադ Սեիդովը նշել է, որ իհարկե Ռամիլ Սաֆարովը հանցագործ է եւ դա չի վիճարկվում, սակայն պետք է հաշվի առնել հանգամանքները, այստեղ հիշելով պատերազմական իրավիճակը եւ որ մինչ այժմ էլ դիպուկահարների կրակոցներից զոհեր են լինում, հպանցիկ հիշատակելով նաեւ օրերս խոցված ուղղաթիռը եւ այլն, ինչպես նաեւ` իր ծագումով այդ տարածքներից լինելու հանգամանքը:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքելն է այդ ելույթին՝ նշելով, որ ինչպես միշտ, ազերիների կողմից բովանդակությունը նենգափոխվում է, քանզի զեկույցի նպատակը ոչ թե Ռամիլ Սաֆարովի արարքը որակելն է, դա արդեն արել է դատարանը` նրան հանցագործ ճանաչելով եւ դա ոչ մեկը չի վիճարկում, այդ թվում եւ պարոն Սեիդովը եւ այդ առումով ինքը բացարձակապես ճիշտ է, բայց զեկույցի թեման Ադրբեջանի իշխանությունների գործողություններին գնահատական տալն էր, այն մասին, որ հանցագործին արդարացնելով, ազատելով եւ հերոսացնելով ` նրանք ի չարս են օգտագործել կոնվենցիան, որի նպատակը, բնավ, այդ ճանապարհով հանցագործներին ազատելը չէ:
Ինչ վերաբերում է պատերազմին, ապա Նաղդալյանի խոսքով՝ 1994 թ-ից Ադրբեջանի նախագահի խնդրանքով ստորագրվել է զինադադար, որի պայմանները պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ, կոպտորեն խախտվում են խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության եւ Հայաստանի ջանքերը , որի մի օրինակն էլ մի քանի օր առաջ ռմբակոծված, ուսումնավարժական թռիչք կատարող, անզեն եւ ադրբեջանցիների համար վտանգ չներկայացնող ուղղաթիռն է:
Նշենք, որ այդ զեկույցը ներառված էր Մշտական Կոմիտեի ամսի 18-ի նիստի օրակարգում:




























