Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ) մեռած է եւ Մոսկվան մտադիր չէ վերադառնալ դրան: Այս մասին նա հայտարարել է ՌԴ Պետական դումայում կառավարական ժամի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ Վարշավյան պայմանագրի կազմակերպության փլուզումից հետո Ռուսաստանը վավերացրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, հաշվի առնելով նոր քաղաքական իրողությունները, բայց ՆԱՏՕ-ն հյրաժարվել է դա անել:
«Ուստի մենք սպասեցինք մի քանի տարի, ապա ասացինք. «Այդ դեպքում մեզ կներեք»: Մենք հին ԵՍԶՈՒՊ-ն չենք համարում պարտադիր մեզ համար, դուրս ենք եկել դրանից սահմանված ընթացակարգերով»,-ասել է Լավրովը:
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում եւ ուժի մեջ մտել 1992-ին: Սկզբում այդ փաստաթղթի տակ ստորագրել է ՆԱՏՕ-ի անդամ 16 երկիր եւ Վարշավյան պայմանագրի կազմակերպության անդամ 6 երկիր: Այդ պայմանագիրը սահմանափակումներ է սահմանում Եվրոպայում ՆԱՏՕ-ի եւ Վարշավյան կազմակերպության Զինված ուժերի համար:




























