Առաջիկայում հայ-լատվիական մշակութային կապերն առավել կամրապնդվեն եւ կզարգանան: Այս մասին, նոյեմբերի 19-ին, Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի (նստավայրը՝ Թբիլիսի) հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին, նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում հայ-լատվիական մշակութային կապերն առավել կամրապնդվեն եւ կզարգանան:

Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նախորդ տարիների մշակութային համագործակցությանը, նշելով, որ այն առավել ակտիվ է ընթանում երկու երկրների ազգային գրադարանների միջեւ, գրական ոլորտում: Այս համատեքստում, նախարարը դեսպանին տեղեկացրել է Հայաստանում արդեն ավանդական դարձած «Գրական տապան» ծրագրի մասին, որին 2012 թվականին մասնակցել է նաեւ լատվիացի բանաստեղծ եւ թարգմանիչ Մաիրա Ասարեն, ով նախագծից հետո իր ստեղծագործություններում անդրադարձել է Հայաստանին: Հ. Պողոսյանն առաջարկել է այս համագործակցությունը  դարձնել շարունակական:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության այլ հարցեր, ինչպես նաեւ, առաջիկայում նախանշվող տարբեր ձեւաչափերի մշակութային ծրագրեր:

Հանդիպման ավարտին դեսպան Էլիտա Գավելեն շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության եւ հայ-լատվիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված ջանքերի համար: