Թուրքիայում Հռոմի պապի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը ներկա կլինի նաեւ Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի թեմի  պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր  Արա Գոչունյանը: Կաթոլիկների հոգեւոր առաջնորդը, նրա խոսքով, նոյեմբերի 28-ին ժամանել է Թուրքիա:

«Սա նրա առաջին այցն է Թուրքիա: Ստամբուլում նրա այցը կշարունակվի միջեկեղեցական մակարդակով՝ Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Բարդուղիմեոսի հրավերով», - նշել է Արա Գոչունյանը: Նա հավելել է, որ Անկարայում Հռոմի պապը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վերջինս Պապին կընդունի նախագահական պալատում:

«Բոլոր հանդիպումներին ներկա է լինելու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:  Այդ առթիվ պաշտոնական ընդունելությանը հրավիրված է նաեւ Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի թեմի  պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Երեկոյան Նորին Սրբազնությունը կվերադառնա Ստամբուլ», - ընդգծել է Գոչունյանը:

Նոյեմբերի 29-ին, ըստ Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագրի, Հռոմի պապը կհյուրընկալվի ՀԱԵ  Կոստանդնուպոլսի թեմում:  Սակայն, հաշվի առնելով Կոստանդնուպոլսի թեմի առաջնորդ Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդիրները, նշել է Արա Գոչոնյանը, Հռոմի պապին կընդունեն  «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցում, որտեղ վերջինս կաղոթի նրա առողջության համար: