Եվրասիական միությունում Հայաստանը պետք է լուծի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հետ կապված հարցերը: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի եւ ձեռներեցների հանդիպման ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Liqvor» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը:

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ մեր երկրում ԱԱՀ-ն ավելի բարձր է, քան ԵՏՄ անդամ մյուս պետություններում, ինչը բարձրացնում է արտադրանքի ինքնարժեքը: «Հայաստանում ԱԱՀ-ն 20% է, Ռուսաստանում՝ 10%, իսկ Բելառուսում եւ Ղազախստանում՝ 0%: Մենք հույս ունենք, որ հարցը կլուծվի, եւ բոլոր երկրները կաշխատեն միասնական դաշտում՝ միանման չափանիշներով եւ մոտեցումներով»,- հայտարարեց Մաթեւոսյանը:

2015 թվականի փետրվարին, ըստ նրա, ընկերությունների ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցելու են դեղերի շրջանառության խոշոր դեղագործական համաժողովի, որտեղ հույս ունեն ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: