Այս տարի Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կիզակետում «կայուն զարգացում. տեխնոլոգիայի ներուժը» թեման է: Այս մասին Հաշամնդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Ուղերձում նաեւ ասվում է.

«Տեխնոլոգիան փոխել է աշխարհը՝ հասանելի դարձնելով գիտելիքն ու ընդլայնելով հնարավորությունների շրջանակը: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հսկայական օգուտ քաղել այսպիսի առաջխաղացումից, սակայն նրանցից շատ շատերին հասանելի չեն այս կարեւոր գործիքները:

Մինչ միջազգային համայնքը ձգտում է ձեւավորել 2015 թ. հետո զարգացման հավակնոտ եւ ոգեշնչող  օրակարգ, որով ոչ ոք անտեսված չի լինի, մենք պետք է տեխնոլոգիայի ուժը ծառայեցնենք բոլորի համար զարգացման նպատակին:

Հարմարողական, աջակից եւ ներառական տեխնոլոգիայի միջոցով հաշմանդամություն ունեցող անձինք իրենց ներուժն առավելագույնս կարող են իրացնել իրենց համայնքներում եւ աշխատավայրերում: Գործատուները տեխնոլոգիան կարող են կիրառել՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որը հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորություն կտա արտադրողական աշխատանք գտնել եւ լիարժեք օգտագործել իրենց հմտություններն ու կարողությունները:

Տեխնոլոգիան կարող է նաեւ օգնել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հասանելի լինեն բնական աղետների ժամանակ՝ երաշխավորելով, որ նրանք ստանան կարեւոր տեղեկությունները: Նույնքան կարեւոր է նաեւ, որ տեխնոլոգիայի օգնությամբ կարող ենք հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները ներառել աղետների պատրաստվածության եւ արձագանքման հարցում:

Եկե՛ք ջանք չխնայենք՝ ապահովելու, որ քաղաքականությունները, ծրագրերը, ուղեցույցները եւ 21-րդ դարի տեխնոլոգիաները հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց եւ զգայուն՝ նրանց դիտանկյունների ու ապրումների նկատմամբ:  Եկե՛ք միասին աշխատենք հանուն ավելի լավ ապագայի, որը կլինի ներառական, արդարացի եւ կայուն՝ բոլորի համար»: