Նյու Յորքում բողոքի ակցիա է սկսվել այն բանից հետո, երբ դատարանի մեծ ժյուրին մեղադրանք չի առաջադրել ձերբակալման ժամանակ սեւամորթ տղային գնդակահարած սպիտակամորթ ոստիկանին: Ցուցարարները վանկարկել են մահվանից առաջ Գարների վերջին խոսքը. «Ես չեմ կարողանում շնչել»:
Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Մանհեթենի փողոցներ: Կենտրոնական կայանարի շենքում մի քանի տասնյակ մարդիկ պառկել են հատակին, հաղորդում է Reuters-ը:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Վաշինգթոնում եւ այլ քաղաքներում:
Մոտ 32 մարդ է կալանավորվել Ռոքֆելլերի կենտրոնի մոտ այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են կոտրել ոստիկանական արգելափակոցները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Wall Street Journal –ը:
Միաժամանակ, ԱՄՆ արդարադատության նախարար Էրիք Հոլդերը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել սպիտակամորթ ոստիկան Դանիել Պանտալեոյի կողմից աֆրոամերիկացի Էրիք Գարների սպանության հետ կապված քաղաքացիական իրավունքների հարցով: Նրա խոսքով՝ նախարարությունն ամբողջությամբ կստուգի նախորդ հետաքննության ընթացքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Սթեյթեն Այլենդում 29-ամյա ոստիկանը փորձել է ձերբակալել 43-ամյա սեւամորթ տղամարդուն (6 երեխաների հայր) ծխախոտի ապօրինի վաճառքի համար: Ոստիկանը մարտարվեստի հնարք է կիրառել, որի հետեւանքով ասթմայով եւ գիրությամբ տառապող տղամարդը խեղդվել է:




























