Արդեն 4-րդ օրն է, ինչ Հայաստանի Ազգային Ժողովը քննարկում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին մեր անդամակցության հարցը, որի ընթացքում աչքի են ընկել ԱԺ ամբիոնից հնչեցրած եւ իրականությանը չհամապատասխանող մի շարք տեղեկություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը»՝ ներկայացնելով դրանք:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ռուսաստան արտահանողները տուժում են

Պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ ԵՏՄ-ին մեր անդամակցության արդյունքում կվերացվեն բոլոր սակագնային եւ ոչ սակագնային կարգավորումները (ներքին շուկայի), ինչի արդյունքում արտահանողների ապրանքի ինքնարժեքը 7-15 տոկոսով կնվազի:

Սակայն, մենք եւ ԵՏՄ անդամ երկրները արդեն վաղուց ԱՊՀ ազատ առեւտրի գոտու տարածքում ենք, ուստի սակագնային կարգավորումների մասին խոսք լինել չի կարող, դրանք վաղուց չկան: Իսկ ահա ոչ սակագնային կարգավորումները, սովորաբար, ապրանքի ինքնարժեքը նվազեցնում են առավելագույնը 2-3 տոկոսով:

Այսինքն, ԵՏՄ շուկայում, անդամակցության արդյունքում մեր ապրանքների մրցունակությունը կավելանա մինչեւ 3 տոկոս: Իսկ եթե հաշվի առնենք ռուբլու արժեզրկումը, ապա մեր արտադրողները ՌԴ շուկայում ունենում են մինչեւ 30 տոկոս մրցունակության կորուստ եւ ընթացիկ տարում դեպի այդ երկիր մեր արտահանումը արդեն նվազել է 4,8 տոկոսով:

ՀՆԱ-ի աճի թվեր «ծնվեցին»

Պատասխանելով Հեղինե Բիշարյանի հարցին, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կրայանը հայտարարեց, որ ԵՏՄ-ին մեր անդամակցության արդյունքում ակնկալվում է ՀՆԱ-ի 2,3 տոկոս աճ, իսկ ԵՄ ասոցացվելու դեպքում` 1,6 տոկոս: Սակայն նույն գործադիրը ԵՄ ասոցացվելու արդյունքում երկարաժամկետ ՀՆԱ-ի աճը նախատեսում էր 2,3 տոկոս:

Իսկ ահա մեկ այլ առիթով փոխնախարարը կանխատեսեց արտահանման 15 տոկոսանոց աճ:

Զավեշտալիորեն, ԵՏՄ անդամակցության այդ թվերը, մեկը-մեկին, համընկնում են Ecorys-ի կատարած այն ուսումնասիրություններին, որոնք վերաբերվում էին ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացմանը: Ավելին, նախորդ շաբաթ ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ պատասխանելով «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցին, նույն փոխնախարար Կարայանը չկարողացավ որեւէ հստակ թիվ նշել կապված ԵՏՄ-ին մեր ինտեգրացիայի հետեւանքների հետ:

Հայտնի է, որ որեւէ միջազգային հեղինակավոր վերլուծություն չկա, որը կտար փոխնախարարի հնչեցրած թվերը: Հայտնի չէ նաեւ որեւէ տեղական նմանօրինակ ուսումնասիրություն:

Այսինքն, փոխնախարարը կամ ԵՏՄ անդամակցելը «շփոթել» էր ԵՄ ասոցացման հետ, կամ այս մեկ շաբաթում գաղտնի կերպով կատարել էր ահռելի ուսումնասիրություններ (որոնք ամիսներ են տեւում) եւ ստացել թվեր, որոնք ԵՄ ասոցացման հետեւանքների copy-paste-ն էին:

Ռուսաստանում գնաճ կա, այն էլ շատ մեծ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ ի հեճուկս ռուբլու արժեզրկման, Ռուսաստանում գնաճ չկա:

Պարզապես նշենք, որ տարվա սկզբից գնաճն այդ երկրում 12-ից 13 տոկոս է, իսկ որոշ (ներմուծվող) ապրանքատեսակների դեպքում այդ թիվը գերազանցում է 60 տոկոսը:

Արտահանման վիճակագրության «լեզվի սայթաքումը»

Պարոն Այվազյանը նաեւ արեց ուշագրավ հայտարարություն առ այն, որ հայկական պատրաստի արտադրանքի 92 տոկոսը արտահանվում է դեպի ԵՏՄ: Իրականությանը չհամապատասխանող այս թիվը, զավեշտալիորեն, զուգադիպում են մեկ այլ թվի հետ` դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներում պատրաստի ապրանքի չափաբաժնի հետ:

Այսինքն, ըստ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի, ստացվում է, որ դեպի Վրաստան, Իրան, Ուկրաինա, Եվրոպա եւ այլ երկրներ մենք արտահանում ենք մեր պատրաստի արտադրանքի ընդամենը 8 տոկոսը:

Ավելին, ստացվում է, որ մեր ընդհանուր արտահանման միայն 25 տոկոսն է պատրաստի արտադրանք, սակայն իրականում մեր արտահանած պատրաստի ապրանքի տեսակարար կշիռը մոտ 35 տոկոս է:

Այսպիսով. Պարոն Այվազյանը «շփոթելով» այս թվերը ապատեղեկացրեց ողջ խորհրդարանին եւ թերագնահատեց Հայաստանի արդյունաբերության մրցունակությունը այլ երկրներում:

Նա նաեւ շրջանցեց այն հարցը, որ պատրաստի ապրանքներ արտադրողները շատ ավելի կշահեին ԵՄ ասոցացումից, քանի որ իրենց առջեւ կբացվեր նաեւ եվրոպական շուկան:

ՌԴ-ում տնտեսական աճ չի կանխատեսվում

Էկոնոմիկայի փոխնախարար Կարայանը Ազգային Ժողովում ասաց, որ Ռուսաստանում տնտեսական աճ է կանխատեսվում եւ որպես դրա հետեւանք, նշեց, որ մեր երկիրն էլ արտահանման ու տնտեսական աճ կունենա:

Սակայն, ՌԴ էկոնոմիկայի նախարարությունը, գալիք տարվա համար նախատեսում է 0 տոկոս տնտեսական աճ… այն էլ, եթե նավթի գինը լինի 70 դոլար/բարրել-ից ոչ ցածր (իսկ այն արդեն մոտ 65 է):

Անհասկանալի մտքեր զենքի հետ կապված

Պատասխանելով Խաչատուր Քոքոբելյանի`ԵՏՄ-ում զենքի առեւտրի մասին հարցին, Վարդան Այվազյանն ասեց. «Զենքի վաճառքի հետ կապված, ինձ թվում է, դա գտնվում է բացառությունների եւ առանձին կարգավորման մեխանիզմների մեջ է գտնվում, դա ես նորից եմ ասում, տվյալ պարագայում գործում են փոխադարձ պետությունների միասնական հետ կապված պայմանագիրը, սա ընդհանուր զենքի վաճառքի դա գիտեք, որ առանձին քվոտաներով տեղի ունենում, ընդհանուր ռեժիմով չի կատարվում»:

Չհասկանալով պարոն Այվազյանի ասածը, նշենք, որ այլ երկրներից զենք գնելու հետ կապված որեւէ առանձին պայմանագիր/պայմանավորվածություն չկա: Չկան նաեւ քվոտաներ, իսկ մաքսազերծումը կատարվում է ընդհանուր ռեժիմով:

Նշենք նաեւ, որ 2015 թվականի հունվարի մեկից հետո ՊՆ-ն այլ երկրներից զենք գնելիս պետք է վճարի 18-20 տոկոս մաքսատուրք, եթե այդ զենքի նմանակը արտադրվում է նաեւ ԵՏՄ-ում:

Մենք չենք կարող բեկանել ցանկացած որոշում

Փոխնախարար Կարայանը նաեւ նշեց, որ ԵՏՄ կոլեգիայի որոշումները հաստատվում են ԵՏՄ խորհրդի կողմից` միաձայն կերպով եւ ուստի մենք կկարողանանք կանխել ցանկացած որոշում, որը չի բխի Հայաստանի շահերից:

Սակայն, ԵՏՄ հանձնաժողովում որոշումների կայացման համար կոնսենսուս պետք չէ: Ուստի այդ որոշումները կարող են ընդունվել ի հեճուկս մեր կամքի: Իսկ այդ որոշումների վերադաս բողոքը կարող է բավարարվել, միայն եթե բոլոր երկրների փոխվարչապետերը միաձայն դեմ լինեն այդ որոշմանը:

Ուստի կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնցով կկայացվեն ՀՀ դիրքորոշմանը հակասող որոշումներ, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի համար: