Հայաստանը գնում է դեպի Խորհրդային միություն: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն այսօր` դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Սասուն ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Այս իշխանությունների միակ նպատակը մեզ մասնատելն էր, նրանք հասան իրենց նպատակին: Այսօր մենք գնում ենք ելման կետ, դեպի Խորհրդային միություն: ԵՏՄ-ն ոչ մի լավ բան չի տա Հայաստանին»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով` երկիրը կամաց-կամաց բերեցին այն վիճակին, երբ միակ լուծումը մնում է Ռուսաստանի Դաշնությունը:
«Ես այսօր շատ մեծ վտանգ եմ տեսնում, մենք մեկուսանալու ենք աշխարհից: Իմ ամենամեծ վախն այն է, որ 1918թ.-ն չկրկնվի հանկարծ, Աստված ոչ անի: Մենք այսօր շատ վտանգավոր վիճակում ենք եւ մեր ամենամեծ խնդիրը համախմբվելն է»,- ավելացրեց «Սասուն» ջոկատի հրամանատարը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:




























