ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում երկրի կառավարությանը կոչ է արել սպելուլյանտներին թույլ չտալ «խաղալ ռուբլու տատանումների վրա»:

Պետության ղեկավարի խոսքով՝ իշխանությունները գիտեն, թե ովքեր են այդ սպեկուլյանտները, իշխանությունը նրանց վրա ազդելու գործիք ունի: «Ժամանակն է դրանից օգտվելու»,- կոչ է արել Պուտինը:

«Ռուսաստանի բանկը անցել է լողացող փոխարժեքի, սակայն դա չի նշանակում, որ ռուբլու փոխարժեքը կարող է անպատիժ կերպով դառնալ ֆինանսական շահարկումների առարկա: Ես Ռուսաստանի բանկին եւ կառավարությանը խնդրում եմ խիստ համակարգված գործողությունների դիմել՝ այսպես կոչված սպեկուլյանտներին ռուսական արժույթի փոխարժեքի տատանումների շահարկումն արգելելու համար», – հայտարարել է նախագահը:

Rbc-ն այնուհետեւ նշում է, որ դոլարի եւ եվրոյի փոխարժեքները Դաշնային ժողովի պատգամավորների առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթն սկսվելուց հետո Մոսկվայի բորսայում օրվա մեջ առաջին անգամ աճել են երեկվա ցուցանիշներից: Մի քանի րոպեում դոլարի փոխարժեքն աճել է մոտավորապես մեկ ռուբլով՝ 52,8 ռուբլուց դառնալով մինչեւ 53,78 ռուբլի: