Լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանը կմտածի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ իրեն «Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար» ասելու վերաբերյալ  Էթիկայի հարցերով հանձնաժողովին դիմելու մասին եւ միգուցե դիմի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գայանե Առուստամյանը:

Նա շեշտեց, որ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ եւ ընդհանրապես մեր խորհրդարանի 99-ի տոկոսի նկատմամբ ինչ վերաբերմունք ունեցել է, նույնն էլ շարունակում է ունենալ: «Սամվել Ալեքսանյանը չպետք է լինի պառլամենտում, նա չի կարող ներկայացնել մեր ժողովրդի շահը, նա ընդամենը մի օլիգարխ է, մոնոպոլիստ, որը կեղեքում եւ թալանում է մեր հասարակությանը եւ հիմա էլ մասնակցում է Հայաստանը գաղութացնելու պրոցեսին»,-ասաց Գայանե Առուստամյանը:

Լրագրողը շեշտեց, որ ինքը նորմալ է խոսում եւ համարժեք, իսկ Սամվել Ալեքսանյանի կատեգորիայի մարդիկ անընդհատ բռնություն են ցուցադրում, նրանց խոսքի մեջ միշտ էլ բռնության էլեմենտներ կան: «Լֆիկը իմ դրած մականունը չի, իմ հեղինակային իրավունքը չէ, ես չեմ նրան Լֆիկ ասել, էդ մարդը Լֆիկ է շատ վաղուց, բայց դա չի նշանակում, որ երբ մականունավորը մտնում է խորհրդարան, պիտի վախենանք նրա մականունը ասելուց, ես չեմ Լֆիկի անունը Լֆիկ դրել, Դոդինը՝ Դոդ, դա իմ հեղինակային իրավունքը չէ, ես ընդամենը իրերն իրենց անուններով եմ կոչում»,-ասաց լրագրողը:

Հարցին, թե արդյոք Սամվել Ալեքսանյանը ներողություն խնդրել է իրենից, Գայանե Առուստամյանն ասաց, որ դա կլինի, եթե մարդը գիտակցի, որ վիրավորել է քաղաքացուն, որը իրավունք ունի պահանջելու իրենից, քանի որ այդ մանդատը ժողովրդի տված մանդատն է, բայց դա չեն գիտակցում: Նրա խոսքով՝ եթե պատգամավորը փողոցայինի բառապաշարով է հարաբերվում հայ հասարակության հետ, որը իր իրավունքն է իրացնում եւ իր օրինական պահանջն է ներկայացնում պատգամավորին,  թող հետեւություններ անեն հասարակության անդամները, որոնք արժանապատվություն ունեն եւ կարծում են, որ պատգամավորը պարտավոր է  ներկայացնելու հասարակության շահը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի-ին  ԱԺ-ի մոտ պատգամավորը վրդովվել էր, երբ ակցիայի մասնակիցներից Գայանե Առուստամյանն իրեն «Լֆիկ» էր անվանել: «Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար»,-Առուստամյանին ասել էր պատգամավորը:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 4-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին: