Պատգամավորները լավ գիտեն, որ կատարում են հանցագործություն պետականության հանդեպ եւ իրենց նյարդային վիճակը, այլանդակ վարքագիծն ու դավաճանական գործողությունները ուզում են քողարկել ակտիվիստներին վիրավորելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, ով արդեն 4-րդ օրն է մյուս ակտիվիստների հետ միասին ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ընդեմ ԵՏՄ անդամակցության:

Նա նշեց, որ դա իրենց բառապաշարն է իրենց հատուկ ձեւով են արտահայտվում եւ այս օրերին տեղի ունեցող ակցիաներին ամեն օր նույն վիճակն է: «Երեկ էլ մի այլ պատգամավոր ակտիվիստին  ասում էր հաճույքով քեզ ապտակեի նրա համար, որ գոռում էին դավաճաններ: Գուրգեն Արսենյանն էլ շուռ եկավ, ինձ ասաց, թե էս երկրում մենակ մնացել են կաշառակերներ եւ լեզվին տվողներ: Իրենց այլանդակ վարքագիծը եւ դավաճանական գործողությունները ուզում են քողարկել  ակտիվիստներին վիրավորելով եւ նյարդային վիճակը ծածկում են այդպիսի ագրեսիվ արտահայտություններով»,-ասաց հրապարակոսը:

Նա նշեց, որ շատ պատգամավոր քողարկում են իրենց գլուխները հեռախոսների ներքո, շատերը այնպես են դուրս գալիս, որ ակտիվիստները չտեսնեն: Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ պետք չի համակերպվել այս ամենի հետ, օր առաջ պետք է լուծարել ԱԺ-ն:

«Մականունավոր պատգամավորները ամբողջ կյանքում զբաղված են մարդկանց հանդեպ բռնություն գործադրելով: Նրանք բռնարարքների  ունակ անձինք են, որոնք Աժ-ում չպետք է լինեին, բայց ՀՀԿ-ն նրանց  ընտրել է  ուժային հենասյուն, նրանք հայտնվել են ԱԺ-ում եւ աջուձախ վիրավորում են քաղաքացիներին»,-ասաց հրապարակախոսը:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 4-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին: