Ամեն օր չես հանդիպի ԱՄՆ-ի քոլեջի ուսանողի, ով ոչ առեւտրային կազմակերպություն է ստեղծել՝ Հայաստանի գյուղերին օգնելու նպատակով: «Hyer United» կազմակերպության նախագահ Թոմիկ Վերտանուսն այն հազվագյուտ ուսանողներից է, ով բարեգործական գործունեությամբ է զբաղվում արտերկրում: Այս մասին գրում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Daily Trojan» ուսանողական թերթը:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանում քաղաքագիտություն ուսանող Թոմիկ Վերտանուսը «Hyer United» կազմակերպության համահիմնադիրն է, որը ձգտում է բարելավել Արցախի եւ Հայաստանի գյուղերի կենսապայմանները՝ հավաքելով եւ ուղարկելով բժշկական սարքավորումներ եւ պարագաներ, որոնք ԱՄՆ-ում ժամկետանց են համարվում:

Վերտանուսը հասկանում է գլոբալ աղքատության ճգնաժամի դժվարությունները: Նրա ոչ առեւտրային կազմակերպությունը հասարակական շարժում է, որի նպատակն է ենթակառուցվածքներ ստեղծել Հայաստանի այն շրջաններում, որոնք առավել շատ կարիք ունեն օգնության: Գործունեությունը սկսելուց հետո կազմակերպությունն առնվազն յոթ անգամ հարյուր հազարավոր դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ է առաքել: