Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում ջրի խնդիր է եղել դեռեւս խորհրդային տարիներին: Շուրջ 2600 բնակիչ ունեցող գյուղի որոշ թաղամասերի առհասարակ ջուր չի մատակարարվել, իսկ զգալի մասում գործել է մատակարարման երկժամյա գրաֆիկ: Տարիներ շարունակ շահագործված թուջե խողովակները ենթարկվել են կոռոզիայի, ջարդվել եւ վաղուց դուրս են եկել շարքից:

Լուկաշինցիները տարիներ առաջ գտել են ջրի ցածր ճնշումը կարգավորելու ժամանակավոր լուծում, որը, սակայն, արդյունավետության տեսանկյունից իրեն չի արդարացրել: Հանրապետության 4 համայնքում ջրի կորուստները կանխելու, մատակարարման արդյունավետությունը բարձրացնելու եւ կենցաղավարության տարրական պայմաններ ապահովելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գարնանը համաձայնագիր են ստորագրել:

Լուկաշինում ամռանն սկսված ջրամատակարարման ծրագիրը մեծ թափ է առել: Բացի 4,2 կմ երկարություն ունեցող մայր ջրագծից, այս համայնքում կառուցվող ջրամատակարարման ներքին ցանցի երկարությունը կազմելու է շուրջ 12,2 կմ: Նախալեռնային այս շրջանում իրականացվող աշխատանքները մեծ համբերություն եւ ջանասիրություն են պահանջում: Ծրագրի շուրջ համագործակցող կողմերն ու գյուղացիները, սակայն, չեն հուսահատվում: Նոր ջրատարի անցկացման ժամանակակից, գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային խողովակների տեղադրման, ջրաչափական ենթակառուցվածքի ներդրման միջոցով նրանք ձգտում են ցանկալի արդյունք ստանալ:

Իրականացվող վերականգնման աշխատանքների արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման գրաֆիկի բարելավում (օրական 2 ժամից մինչեւ շուրջօրյա), խմելու ջրի անվտանգության բարձրացում, ցանցում վթարների թվի կրճատում, ինչպես նաեւ ջրի եւ էներգիայի խնայողություն: Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը տեղեկացնում է, որ ծրագիրն արդեն 70 տոկոսով իրականացվել է:

Առաջիկայում կտեղադրվեն ջրաչափեր, ջրաչափական ժամանակակից դիտահորեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը, կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ եւ լուկաշինցիները կազատվեն սակավաջուր աղբյուրից ջուր կրելու հոգսից:

Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրից ընդհանուր առմամբ օգտվելու է 4 համայնքի ավելի քան 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ: