Ղազախստանը չի թաքցնում, որ Ադրբեջանն իր համար առաջնահերթ ռազմավարական դաշնակից է եւ բացահայտ նշել է, որ ժամանակի ընթացքում կառաջադրվի ԼՂՀ-ի եւ Հայաստանի սահմանին մաքսակետ տեղադրելու հարցը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում ընթացող այս տարվա վերջին ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը բավականին լուրջ փաստաթուղթ է: «Սակայն ցավոք, խորհրդարանում փաստթղթի շուրջ լուրջ քննարկումներ չեղան: Փաստաթուղթը ներկայացվեց ընդամենը փոխնախարարի մակարդակում. սա նշանակում է, որ պատշաճ շահագրգռվածություն չկար», - նշեց Հակոբյանը:

Պատգամավորը միաժամանակ խոստովանեց, որ հայ հասարակության մեծ մասը նույնպես կողմ է ԵՏՄ-ին երկրի անդամակցությանը՝ չհստակեցնելով, թե ինչու իր կուսակցությունը ծայրահեղորեն դեմ էր արտահայտվել դրան: «Սակայն այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, կուսակցական իրավիճակային քվեարկություն էր: Պետության անվտանգության եւ արժանապատվության պաշտպանության համար անհրաժեշտ էր, որպեսզի գոնե 30 պատգամավոր դեմ արտահայտվեր այդ Պայմանագրին», - ընդգծեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակացության պայմանագիրը: Պայմանագրին «կողմ» են քվեարկել 103 պատգամավոր, «դեմ»՝ 7 եւ ձեռնպահ՝ 1 պատգամավոր: