Հայաստանի առաջ առաջին հերթին ծառացած է ֆիզիկական գոյատեւման խնդիրը, դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում ավանդական՝ այս տարվա արդեն վերջին ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով  Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացմանը:

Ըստ նրա՝ հարկավոր է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության նոր, լիարժեք համակարգ գտնել: Ի պատասխան հարցին՝ Հայաստանը մտնում է քաղաքական, թե տնտեսական միություն, պատգամավորն ընդգծել է, որ ամեն ինչ կախված է աշխարհաքաղաքական գործընթացների հետ: «Ակնհայտ է, որ աշխարհում աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ է, եւ տնտեսությունը չի կարող տուժել դրա պատճառով: Այդ ամենը ստիպում է ապրել համապատասխան ռեժիմով:  Եթե մենք չկարողանանք ապահովել ֆիզիկական գոյությունը, ապա չենք կարող ապահովել տնտեսական կամ մշակութային ծրագրեր», - ընդգծել է Արմեն Ռուստամյանը: Երբ մասնակցում ես ինտեգրացիոն որեւէ միավորման, ապա միշտ էլ ինքնիշխանության մասնակի կորուստ է տեղի ունենում: «Աշխարհն իսկապես աշխարհաքաղաքական նոր կատակլիզմներ է ապրում, եւ այս պայմաններում հարկավոր է առողջ գնահատել իրավիճակը», - հավելել է Ռուստամյանը: