Աֆրիկյանների շենքի ժառանգներն արդեն համաձայն են, որ 19-րդ դարի վերջին եւ 30-րդ դարի սկզբին կառուցված շինությունը վերականգնվի «Հին Երեւան» նախագծի շրջանակներում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աֆրիկյանների ժառանգ Արմեն Աֆրիկյանը նշեց, որ իրենք ամեն ինչ արեցին շենքը պահպանելու համար, բայց չստացվեց, իսկ Երեւանի կնետրոնում էլ չկա ազատ տարածք այն վերականգնելու համար:
«Տեղեկություն ունենք, որ մյուս տարվանից «Ֆրանկ Մյուլլեր» ՍՊԸ-ի շվեյցարահայ սեփականատերերը սկսելու են իրագործել «Հին Երեւան» նախագիծը, հույս ունենք, որ Աֆրիկյանների շենքն էլ կվերականգնեն, փոքրիկ եւ հին Երեւան կկառուցեն»,- ասաց Արմեն Աֆրիկյանը:
Նա հայտնեց, որ քարերը նույն տեղում են գտնվում, ծածկի տակ են, սակայն պահպանման պայմանները բարենպաստ չեն եւ չի բացառվում, որ ձյան հետեւանքով քարերը կփչանան:
Հիշեցնենք, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է՝ որպես բազմաբնակարան շենք, 2014թ.-ի ամռանը քանդվել եւ տեղափոխվել է այլ վայր: Նշենք, որ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որ այն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ տեղափոխվել այլ վայր, սակայն մասնագետները չեն հավատում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի:




























