Դեկտեմբերի 20-ից հետո Հայաստանում դրամի փոխարժեքի հետ կապված իրավիճակը կկայունանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ մեկնաբանելով դրամի վերջին օրերի արժեզրկումը ԱՄՆ դոլարի համեմատ:
Ի պատասխան բանկերում տարադրամի փոխանակման սահմանափակումների վերաբերյալ հարցին՝ Ճզմաչյանը նշել է. «Նախքան փոխանակման բարդություններից խոսելը, հարկ է հաշվի առնել, թե ինչու դրամն այսքան արժեզրկվեց վերջին 2 շաբաթում: Կարծում եմ՝ արտաքին գործոնները սրվեցին նաեւ հանրության մեջ սկսված խուճապից: Եվ այդ խուճապը հարկավոր է մեղմել: Համոզված եմ, որ մեր այսօրվա տնտեսության պայմաններում դոլարի փոխարժեքը չպետք է 440 – 445 դրամից բարձր լինի: Բայց խոսքն այսօրվա պայմանների մասին է: Իրավաբանական անձանց դեպքում բանկերն անսահմանափակ ծավալով փոխանակում են արժույթը, հատկապես՝ իրենց հաճախորդների դեպքում, վստահեցրել է Ճզմաչյանը:
«Բնականաբար, վերջին ժամանակներս բանկերն ավելի զուսպ են, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, ես խորապես վստահ եմ», - հավելել է Հայաստանի բանկերի միության նախագահը:
Իրավիճակին, հավելել է նա, գումարվում է դեկտեմբերի յուրահատկությունը: Որպես կանոն՝ Հայաստանում մինչեւ դեկտեմբերի 20-ը դոլարի պահանջարկը, նշանակում է՝ նաեւ փոխարժեքը ավելի բարձր է լինում, քան վերջին տասնօրյակին, երբ արտասահմանից, հատկապես՝ Ռուսաստանից սկսում են ստացվել ամանորյա տրանսֆերտները:
«Ես գրեթե վստահ եմ, որ ամսի 20-ից հետո ամեն ինչ կկարգավորվի: Պարզապես պետք չէ խուճապի մատնվել»,- ամփոփել է Ճզմաչյանը:
Նշենք, վերջին երկու շաբաթներին դրամն արժեզրկվել է ավելի քան 10 % -ով:



























