ԱՄՆ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց  հետո Տիգրան Սարգսյանի լիազորությունները Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում ավտոմատ են կասեցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մանկավարժական համալսարանի հասարակայնության վարչության պետ Դիանա Մարկոսյանը:

Նա նշեց, որ դրանից հետո խորհրդի նիստ է եղել եւ խորհրդի անդամներից Մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ, խորհրդի անդամ Աելիտա Դոլուխանյանը խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Նրա թեկնածությանը կողմ արտահայտվեցին խորհրդի բոլոր անդամները, բացի Անահիտ Բախշյանից:

Նշենք, որ Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամներից են Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նախկին ֆինանսների նախարար  Դավիթ Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ այլք: