Ալկոհոլ արտադրող հայկական ընկերությունները մտահոգված են ապագա Եվրասիական տնտեսական միության երկրներում ակցիզների հետ կապված իրավիճակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեցին մի քանի հայ գործարարներ՝ անանունության սկզբունքով: Նրանց խոսքով, ակցիզների տարբերությունից կշահեն ռուսական արտահանողները Հայաստանում, բայց ոչ հակառակը, քանի որ այստեղ ակցիզն ավելի ցածր է: Կառավարությունն այս հարցի շուրջ դեռեւս պարզաբանումներ չի տվել:

Նշենք, որ 2015 թվականին «0.5-8.6% թնդությամբ» սովորական գարեջրի ակցիզը Ռուսաստանում կազմելու է մեկ լիտրի համար՝ 18 ռուբլի (շուրջ 150 դրամ - խմբ.), ավելի թունդ գարեջրինը՝ 31 ռուբլի (260 դրամ): Իսկ Հայաստանում նվազագույն ակցիզը կազմում է ընդամենը 105 դրամ՝ 1 լիտրի համար:

Այլ կերպ ասած, Հայաստանում վաճառքից ռուսական գարեջրագործները կկարողանան ավելի քիչ հարկեր վճարել, քան իրենց երկրում: Իսկ հաշվի առնելով, որ նրանք արտադրության ծավալներով շահում են նաեւ ինքնարժեքի հարցում, հայկական շուկայում նրանց համար պայմաններն ավելի շահեկան կլինեն, քան տեղական արտադրողների համար: