Ավստրալիայում ամեն տարի մոտ մեկ մլրդ գավաթ սուրճ է խմվում սրճարաններում, ռեստորաններում եւ այլ առեւտրային կետերում: Անգամ Մեծ Բրիտանիայում, որը հայտնի է թեյի հանդեպ մեծ սիրով, վերջին տարիներին նկատվում է սուրճի օգտագործման կտրուկ աճ: Որոշ գնահատականներով, Բրիտանիայում օրական մոտ 70 մլն գավաթ սուրճ են խմում:

Հաշվի առնելով սպառողներին պահելու տնտեսական խթանը, սրճարանների, ռեստորանների տերերին, դիզայներներին ու սպասք արտադրողներին միշտ հետաքրքրել է, թե ինչը կարող է օգնել սպառողների մոտ բարելավելու սուրճի օգտագործման մուլտիսենսորային փորձը: Դրա հետ կապված Ավստրալիայի դաշնային համալսարանի եւ Օքսֆորդի համալսարանի մասնագետները հետազոտություն են կատարել եւ պարզել, որ գավաթի գույնը մեծ դեր ունի նրա հետ, թե սուրճ խմողներն ինչպես են ընկալում առավոտյան ըմպելիքի համը: Հետազոտությանը մասնակցել է 36 կամավոր: Նրանք սւորճ են խմել տարբեր գույնի բաժակներով՝ կապույտ, սպիտակ եւ թափանցիկ, հաղորդում է Kedem-ը:

Արդյունքները ցույց են տվել, որ սուրճի սիրահարները կարող են իրենց ըմպելիքն ավելի քաղցր դարձնել, պարզապես փոխելով գավաթի գույնը:
Ըստ այդմ, կապույտ եւ թափանցիկ բաժակները, որոնք տարածված են շատ սրճարաններում, նվազեցնում են սուրճի դառնությունը՝ առանց շաքարի: Միաժամանակ, սպիտակ բաժակով սուրճը սկսում է ընկալվել ավելի դառը, քանի որ սպիտակ գավաթը սուրճի գույնն ավելի մուգ է դարձնում:

Այսպիսով, բաժակի գույնը կարող է ազդել սուրճի համի եւ բույրի վրա: