Եթե 23 տարի առաջ մենք պահպանեինք մեր տնտեսական կապերը, այսօր Հայաստանը «աղքատ բարեկամի» կարգավիճակ չէր ունենա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը վավերացնելուն:

«20-25 տարի առաջ մենք բոցաշունչ ելույթներ էինք լսում, որ արեւմուտքը մեզ կօգնի, մեզ կտա ամեն ինչ, մենք մի օր կարթնանանք եւ մանանա կթափվի մեր գլխին, իսկ իրականությունն ուրիշ էր: 23 տարի առաջ մենք այնքան իմաստություն չունեինք, որ մեր տնտեսական կապերը չխզեինք: Եթե պահպանեինք, այսօր չէինք խոսի աղքատության մասին: Ես իմ ելույթի ժամանակ էլ եմ ասել, որ Հայաստանում իրավամբ տնտեսական զարգացումներ ունենալու համար մենք տեսնում էինք «եւ, եւ» եւ «կամ, կամ» սկզբունքները, բայց արեւմուտքը մեզ ստիպում էր ընտրել «կամ, կամ» տարբերակը, որին մենք համաձայն չէինք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Այս խոսքերը բարկացրին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին, որը դիմեց պատգամավորին. «Այնպես եք ասում` 23 տարի առաջ, ոնց որ այդ ժամանակ մենք դուրս եկանք միայն Խորհրդային միությունից»:

Արտակ Դավթյանը խնդրեց չխեղաթյուրել իր խոսքերը, ապա շարունակեց` ասելով, որ շուտով տնտեսական զարգացումներ ենք ունենալու: Անուշ Սեդրակյանի հարցին, թե Հայաստանն ինչ է անում ճգնաժամից դուրս գալու համար, երբ Ռուսաստանն այսպիսի վիճակում է գտնվում. «Իմ խորին համոզմամբ` Ռուսաստանը չի ոչնչացվելու, առավել եւս ռազմական տեսանկյունից; Ռուսաստանն աշխարհի հինգ խոշոր տնտեսությունն է, հետեւաբար, Ձեր դիտարկումը, թե Ռուսաստանը ոչինչ չի արտադրում, չի համապատասխանում իրականությանը: Ռուսաստանն ունի էներգակիրների արտադրություն, հացամթերքի արտադրություն, մեքենաշինությունն»: