Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու նպատակով ընդունվել են 49 օրենսդրական ակտեր, որոնցից 5-ը՝ հիմնական օրենքներ են, իսկ 44-ը՝ այլ օրենքներում կատարված օրենսդրական փոփոխություններ։
Ըստ Ասատրյանի՝ Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների մոդելը ոչ մի կապ չունի Չիլիի մոդելի հետ, որտեղ որոշում է ընդունվել վերադառնալ սերունդների համերաշխության նախկին մոդելին, ինչը ներկայում գործում է նաեւ Հայաստանում։ «Չիլիում գործում էր «կամ-կամ» սկզբունքը, այսինքն՝ քաղաքացին ինքն էր ընտրում ստանալ պետական թոշա՞կ, թե՞ անցնել կուտակային համակարգին։ Իսկ Հայաստանում որոշվել է եղած կենսաթոշակային համակարգը լրացնել կուտակային բաղադրիչով»,- ասաց Ասատրյանը։ Նրա կարծիքով՝ այն երկրները, որտեղ կուտակային բաղադրիչի հարյուրամյա փորձ կա եւ ձեւավորվել է որոշակի մշակույթ, ներդնում են կամավոր կուտակային համակարգը, իսկ Հայաստանի նման երկրներում պարտադիրի միջոցով են ներդնում կուտակային համակարգը, քանի որ երիտասարդությանը դժվար է համոզել մտածել ծերության մասին։
Կենսաթոշակների պարտադիր ապահովագրմանը Հայաստանը անցում կկատարի 2014 թ. հունվարի 1-ից։ Կստեղծվի կենսաթոշակների վճարման քառաստիճան համակարգ։ Առաջին աստիճանում սոցիալական թոշակ կտրվի այն անձանց, որոնք մինչեւ 5 տարվա աշխատանքային ստաժ ունեն։ Երկրորդ աստիճանում թոշակի իրավունք են ստանում 5-ից ավելի տարիներ աշխատանքային ստաժ ունեցող անձինք, որոնք ժամանակին կատարել են սոցապհատկացումներ։ Երրորդ աստիճանը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգն է։ Չորրոդ աստիճանում թոշակ կտրվի այն անձանց, որոնք կամավոր մուծումներ են կատարել հատուկ հաշիվների վրա։




























