Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը համոզված է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ Հայաստանը կարող է եւ պետք է շարունակի առաջնորդվել ԵՄ Ասոցացման համաձայնագրի կետերով:

«Եթե այսօր հանրաքվե լիներ, ապա ժողովուրդը 50+1 սկզբունքով կընտրեր Եվրասիական տնտեսական միությունը: Եթե բացեք 2012-2013թթ. նախընտրական ծրագրերը, ապա կտեսնենք, որ քաղաքական բոլոր ուժերը խոսում են եվրոպական ինտեգրման մասին: Մի բան հստակ է` 3.5 տարի մենք գնում էինք դեպի ԵՄ Ասոցացման համաձայնագիր, սակայն հիմա բոլորը հայտարարում են, թե մենք ի սկզբանե գնացել են դեպի Մաքսային միություն եւ Եվրասիական տնտեսական միություն»,- այսօր` դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Թեւան Պողոսյանի խոսքով` ԵՏՄ-ն մեզ հնարավորություն չի տա զարգանալ, մինչդեռ Հայաստանը պետք է առաջնորդվեր երկարատեւ շահերից. «Ներկայացվող հնարավորություններն ընդամենը թղթի վրա են: Ինքս չեմ հավատում այս միության կայացմանը, Հայաստանը պետք է շարունակի շարժվել Ասոցացման համաձայնագրով»:

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովը վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը, որին դեմ քվեարկեց 7 պատգամավոր, այդ թվում «Ժառանգություն» խմբակցության 5 անդամները: