Կոռուպցիայի դեմ պայքարում նախորդ տարիների նման Հայաստանը լուրջ առաջընթաց չի արձանագրել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նրա խոսքով՝ իրավիճակը չի վատացել, սակայն լավացման մասին վաղ է խոսել, թեեւ կան լավացման թույլ նշաններ:
Խոսելով կոռուպցիայի պատճառների մասին, Հոկտանյանն այդ շարքում թվարկել է բիզնեսի եւ քաղաքական վերնախավի սերտաճումը, տնտեսության մոնոպոլիզացիայի բարձր աստիճանը, դատական համակարգի ոչ անկախ լինելը, ինչպես նաեւ հասարակության հանդուրժողական վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ:
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, Հոկտանյանը համոզմունք է հայտնել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կոռուպցիայի առումով լավատեսության հիմք չի տալիս:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը շարունակի ինտեսիվ կապեր ունենա ԵՄ-ի, եւ ԱՄՆ-ի հետ, որոնք կոռուպցիայի առումով ավելի բարվոք վիճակում են, ապա հույս կլինի, որ բացասական ազդեցությունը կչեզոքացվի:
Այդուհանդերձ, Հոկտանյանը վստահ չէ, որ եթե Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրեր, կոռուպցիայի առումով վիճակը կլավանար: Նա առաջարկում է սպասել, թե ինչպիսին կլինի վիճակը Վրաստանում ու Մոլդովայում, որոնք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրեր են կնքել:



























