Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի «The Hour of Code» միջոցառումը, այն կկայանա դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին, «Այբ» դպրոցում Համակարգչային գիտությունների շաբաթվա շրջանակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» գրասենյակի ղեկավար Արտաշես Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ «Hour of Code»-ը շուրջ 150 հոգու հնարավորություն կտա խաղերի միջոցով հեշտությամբ սովորել տարատեսակ ծրագրավորման լեզուներ և մոտեցումներ: Աշակերտներին կցված են լինելու ոլորտում մեծ հաջողությունների հասած մասնագետներ: «Աշակերտներն օրեցօր ավելի շատ են օգտվում տեխնոլոգիաներից, բայց նրանցից քչերն են սովորում ստեղծել դրանք: 21-րդ դարի ցանկացած աշակերտ պետք է ունենա համակարգչային գիտելիքներ ստանալու հնարավորություն, բայց դեռևս քիչ դպրոցներ են ընձեռում այդ հնարավորությունը»,-ասաց գրասենյակի ղեկավարը:

Արտաշես Վարդանյանը նշեց նաեւ, որ The Hour of Code միջոցառումը տևելու է 2-3 ժամ: Անգլերենի իմացությունը պարտադիր է: Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան համակարգիչ կամ պլանշետ: Տարրական դպրոցի մասնակիցները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ:  Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, իսկ գրանցման վերջնաժամկետն է դեկտեմբերի 10-ը։

Նշենք, որ այս տարի «Hour of Code»-ին ողջ աշխարհում միացել են ավելի քան 45 հազար դպրոց, իսկ մասնակիցների թվաքանակը գերազանցելու է 100 միլիոնը:

Միջոցառման նախաձեռնողներն ու համկազմակերպիչներն են «Այբ» դպրոցը, «Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստան» հիմնադրամը, և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: