Իրենց աշխատավարձերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Կառավարության շենքում վարչապետի հետ հանդիպմանը նրան են ներկայացրել իրենց խնդիրը: Հանդիպմանը մասնակցած՝ բողոքող նաիրիտցիներից Գայանե Արշակյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետն անտեղյակ է եղել իրենց խնդրին:
«Վարչապետը շատ բաներից տեղյակ չէր, բոլոր թվերից անտեղյակ էր, ինքը չգիտեր՝ ով ինչքան է վերցրել, գործարան ինչքան ներդրում ա մտել: Ինքը խաբար չի՝ էդ փողերը ուր ա գնացել: Իրոք ինքը չգիտեր, մենք էնպիսի թվեր էինք ասում, ինքը նոր էր լսում: Ասում էր՝ ո՞նց, տենց թվեր է եղել ու դուք չե՞ք պահանջել այն մարդուն, որը պետք է պատասխան տա ժողովրդին: Ասում ենք, թե ովքեր են, զարմանում ա, ասում ա՝ ո՞նց, էդ մա՞րդը»,- ասաց Գայանե Արշակյանը՝ նշելով, որ վարչապետին տեղեկացրել են, որ անգամ աշխատանքից ազատվելու դեպքում իրենք վերջնահաշվարկ են պահանջում եւ չեն հեռանա գործարանից, մինչեւ այն չստանան:
Հանդիպմանը մասնակցած՝ գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը հավաքված նաիրիտցիներին տեղեկացրեց, որ բացի 18 ամսվա չվճարված աշխատավարձերի պահանջից վարչապետին խնդրել են նաեւ, որ դեկտեմբերին եւս մեկ ամսվա աշխատավարձ ստանան:
«Ամեն հարց շոշափվել է վարչապետի հետ: Հիմա կառավարությունը չի կարողանում ասել՝ այդ 15 միլիոն դոլարը վաղը կամ մյուս օրը կամ մի ամիս հետո կլինի, ես կփակեմ: Բայց միեւնույն ժամանակ չեն հրաժարվում պարտքերը մարելուց: Վարչապետը վրդովված է, որ գործարանում 200 մարդ տարիներ շարունակ ստացել է 400 հազարից մինչեւ 2,5 միլիոն դրամի աշխատավարձ»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ վարչապետը խոստացել է 10 տարով սառեցնել գործարանի՝ 30 միլիարդ դրամի պարտքը:
Հրաչ Թադեւսյանն ասաց նաեւ, որ իրենք պարտքերը մարելու տարբերակներ են առաջարկել վարչապետին, որոնք էլ քննարկելու եւ վերջնական տարբերակը հստակեցնելու համար վարչապետն իրենց առաջարկել է շաբաթ օրը կրկին հանդիպել Կառավարությունում:
Կառավարության մոտ հավաքված նաիրիտցիները դժգոհությամբ լսեցին վարչապետի հետ հանդիպման մանրամասները: Նրանք որոշեցին շաբաթ օրը կայանալիք հանդիպման ժամանակ կրկին հավաքվել Կառավարության շենքի մոտ եւ սպասել հանդիպման ավարտին:
Հիշեցնենք, որ նախորդ օրը նույնպես նաիրիտցիները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ, սակայն հրաժարվել էին վարչապետին 5 հոգով հանդիպելուց: Նրանք պահանջել էին, որ վարչապետն անձամբ իջնի եւ հանդիպի իրենց, սակայն վարչապետն այդպես էլ չէր իջել:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























