2015-ին Երեւանում 300 նոր հյուրանոցային համարներ կբացվեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Թուֆենկյան հոսփիթալիթի» ընկերության գլխավոր մենեջեր, Հյուրանոցային տնտեսությունների միության նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով՝ Երեւանում կարելի է հյուրանոցային համար գտնել ցանկացած բյուջեով, իսկ վերջին մի քանի տարիներին հյուրաոցների թիվն ավելացել է, իսկ գնային տեսականին՝ ընդլայնվել:

Վերջին 1-2 տարում Երեւանում ավելացել է 550 հյուրանոցային համար: Ընդհանուր առմամբ, դրանց թիվը մոտ 5 հազար է, կամ 2 անգամ ավելի, քան 5-6 տարի առաջ:

«Հիմա մայրաքաղաքում կարելի է համար գտնել անգամ 15 հազար դրամով, ինչը մայրաքաղաքի համար շատ լավ գին է նույնիսկ եվրոպական չափանիշներով, իսկ լյուքս համարները՝ 75-80 հազար դրամ են»,-ասել է նա:

Հակոբյանի խոսքով՝ նոյեմբերին Երեւանի հյուրանոցներում համարի միջին գինը կազմել է մոտ 100 դոլար կամ 40-45 հազար դրամ, ներառյալ նախաճաշը: «Համարներն ավելի շատ են, քան ցանկացողները, ուստի գները մի փոքր նվազել են»,-ընդգծել է «Թուֆենկյան հոսփիթալիթի» ընկերության գլխավոր մենեջերը:

Հարցին, թե ինքը նման գինը մատչելի՞ է համարում միջին այցելուի համար, Հակոբյանը պատասխանել է, որ ոչ ոք գներ չի թելադրում, դրանք առաջանում են ինքնարժեքի եւ շուկայի կողմից: