Ծավ-Շիշկերտ ճանապարհը, լավագույն դեպքում, լրիվ երթեւեկելի կլինի 4-5 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Ծավ եւ Շիշկերտ գյուղերն իրար կապող միջպետական Մ17 ճանապարհից դեպի Շիշկերտ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում: 700 խմ ծավալով ժայռաբեկորները երկկողմանի փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը:
Տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ դեպքից անմիջապես հետո վթարված հատվածում էին Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները: Տեղի ունեցածի մասին նրանք տեղեկացրել են համապատասխան կառույցների ներկայացուցիչներին: Նման ծավալի փլուզում այս ճանապարհին առաջին անգամ է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ փլուզված ճանապարհահատված էին այցելել նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, արագ եւ օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով:
Տեղում ուսումնասիրություններ էին կատարում նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Հաշվի առնելով ժայռաբեկորների ծավալները, մասնագետների համատեղ քննարկման արդյունքում որոշվեց ժայռաբեկորները մանրացնել պայթեցման միջոցով: Այդ աշխատանքներն իրականացնելու համար ժայռաբեկորների վրա նախ անհրաժեշտ է անցքեր բացել՝ դրանցում պայթուցիկներ տեղադրելու համար: Աշխատանքների կատարման արագ ընթացքին խոչընդոտում է նաեւ ճանապարհամերձ ժայռից կախված հսկա քարաբեկորը, որը նույնպես ամեն րոպե կարող է ընկնել:
Չնայած Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածում երթեւեկության ինտենսիվությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ճանապարհի փակ լինելը մի քանի օր է բազմաթիվ դժվարություններ է առաջացրել գյուղացիների համար:
Մասնագետների հավաստմամբ, եթե եղանակային պայմանները չխոչընդոտեն, պայթեցման աշխատանքներ կատարելու համար կպահանջվի 2-3 օր, որից հետո Կապանի ճանշինի աշխատակիցները համապատասխան տեխնիկայի միջոցով սեղմ ժամկետներում ճանապարհը կմաքրեն ժայռաբեկորներից եւ այն կդարձնեն ամբողջությամբ երթեւեկելի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
.jpg)





























