Չսահմանված վայրերում աղբ թափողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Երեւանի քաղաքապետարանում հրավիրված խորհդրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Կենտրոն վարչական շրջանի համատիրության նախագահները, Երեւանի քաղաքապետարանի աղբահանության եւ սանմաքրման օպերատիվ շտաբի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության, աղբահանության եւ սանմաքրման նոր օպերատորի՝ «Սանիթեք» ընկերության վարչական կազմը։

«Նման բովանդակությամբ ու խստության խորհրդակցություն հրավիրվելու է բոլոր վարչական շրջանների մասնակցությամբ, սակայն անհետաձգելի է Կենտրոն վարչական շրջանինը, քանի որ այստեղ դեկտեմբերի 1-ից նոր օպերատորն է իրականացնում աղբահանությունն ու սանմաքրումը։

Առաջին օրից սկսած, քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետի երկու տեղակալներ՝ ինքս եւ իմ գործընկերը, ինչպես նաեւ վարչական շրջանի ղեկավարը եւ աշխատակազմը, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը, քաղաքի օպերատիվ շտաբը, հանձն ենք առել ամբողջությամբ աջակցելու օպերատորին՝ մեկնարկը արդյունավետ կազմակերպելու համար։ Ութ օր մոբիլիզացիոն շրջանում ենք եղել՝ աղբահանության մեքենաները ճշգրիտ երթուղիներով աշխատեցնելու, աղբի տարաները ճիշտ տեղաբաշխելու, բացթողումները շտկելու համար։

Մեր աջակցությամբ հեռացվել է նաեւ բազմաբնակարան շենքերի աղբախցերի աղբը։ Ութերորդ օրը դժվարությունները հաղթահարված էին, եւ նոր ընկերության տնօրենը զեկուցել է, որ ամբողջությամբ ժամանակացույցին տիրապետում է եւ գրեթե օգնության կարիք չունեն»,-ասել է Արեյանը:

Նա նշել է, որ աղբը համատարած թափում են դատարկված, շրջապատը մաքրված աղբամանների կողքին եւ աղբից ու արկղերից կարելի է ենթադրել, որ կարգազանցները հիմնականում տնտեսվարող օբյեկտներն են. «Խնդիրը պետք է լուծվի արմատապես՝ ոչ թե հետեւանքը, այլ պատճառը վերացնելու ճանապարհով. ահա այն սկզբունքը, որ հանձնարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Բարոյախոսությունը սպառել է իրեն՝ պետք է գնալ գրագետ վարչարարության»,- նշել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։

Քաղաքապետի առաջին տեղակալը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին առաջարկել է կիրառել համապատասխան օրենքի բոլոր հնարավորությունները՝ խստագույն պատիժ նշանակելու համար եւ սահմանել պաշտոնատար անձանց նոր՝ ընդգրկուն ցանկ, որում ներառված աշխատակիցները լիազորված կլինեն, ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենքի, տույժ ու տուգանք նշանակելու։

«Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով սահմանված է. չսահմանված կամ չնախատեսված տեղերում, վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց նկատմամբ»,- նշել է փոխքաղաքապետը։

Կամո Արեյանը համատիրությունների նախագահներին եւս հորդորել է խստագույնս հետեւողական լինել համակեցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության հարցում։

«Բացի օրենսդրական ճանապարհից կա նաեւ չգրված օրենք՝ ներքին մշակույթին հետեւելը։ Անպատժելիության մթնոլորտը պետք է վերացնել՝ ամենայն խստությամբ պատժելով համակեցության կանոնները խախտողին։ Մեծագույն անելիք ունեն նաեւ համատիրությունները. դուք ճանաչում եք ձեր բնակիչներին, դուք գիտե՛ք ով է վերանորոգում բնակարանը, շինաղբը շպրտում աղբախցերի, աղբարկղերի մոտ. թույլ մի՛ տվեք, մի՛ հանդուրժեք»,- հորդորել է քաղաքապետի առաջին տեղակալը։