Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունն անօրինական է: Այս մասին հայտարարություն է տարածել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը:
Հայտարարությունում ասվում է.
«2014 թվականի հոկտեմբերի 17ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ստորագրել է Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը: Ամուլսարի, իսկ դրանից առաջ Թուխմանուկի հանքավայրի շահագործման թույլտվությունները վկայում են, որ ներկայիս նախարարը շարունակում է պահպանել Վարդան Այվազյանից սկսած միտումը՝ որպես իր զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան անձնավորություն, ումգործողություններում կան հստակ արտահայտված կոռուպցիոն ռիսկեր:
Առաջիկայում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հատուկ քննչական ծառայությանը եւ այլ իրավապահ մարմիններին կներկայացնի համապաասխան նյութեր՝ բնապահպանության նախարարի, ինչպես նաեւ Ամուլսարի շահագործման նախագիծը գնահատած փորձագետների գործողությունների համար վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջով:
Ամուսարի հանքավայրի շահագործումը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը առնվազն հետեւյալ ոչ սպառիչ կետերով՝
● «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենք
«Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 3րդ հոդվածի համաձայն, «Սեւանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաեւ Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչեւ Կեչուտի ջրամբար»:
Նույն օրենքի 10րդ հոդվածի համաձայն, «Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Անմիջական ազդեցության գոտում արգելվում են՝
ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ եւ կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
բ) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը եւ տեղադրումը.
գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
դ) քարածխի եւ հեղուկ վառելանյութի բազայի վրա աշխատող 10 մեգավատտից ավելի հզորությամբ ջերմային էներգիայի աղբյուրների գործարկումը»:
ՀՀ կառավարության կողմից ընդունված 2013թ. հուլիսի 18ի 746Ն որոշման հավելվածով, հաստատվել է «Սեւանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը», որի համաձայն «Սեւանա լճի վրա անմիջական ազդեցության գոտին սկսվում է կենտրոնական գոտու արտաքին սահմանից եւ ձգվում է մինչեւ Սեւանա լիճը շրջափակող լեռնաշղթաների ջրբաժանը, ընդգրկում է նաեւ ավազանի մաս կազմող Արփա եւ Որոտան գետերի վերին հոսանքների ջրհավաք ավազանները, ՈրոտանՍեւան հիդրոտեխնիկական համալիրի երկայնքով եւ թունելի առանցքից 3000ական մետր լայնությամբ շերտագիծը, Կեչուտ եւ Սպանդարյան ջրամբարներն իրենց ջրհավաքներով»: Ինչպես նշված է նաեւ Լիդիան Ինթերնեշընըլ ընկերության պաշտոնական կայք էջում, Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում ներառված տարածքը գտնվում է պլանավորված հանքարդունաբերական գործունեության հատվածում, որտեղ համաձայն «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի հանքարդյունաբերական գործունեությունն արգելվում է:
Որոտանի թունելի պահպանման համար քաղաքաշինական նորմերի պահպանության պայմանը, որն ամրագրված է ՇՄԱԳ դրական եզրակացության մեջ, չի կարող հիմք հանդիսանալ Սեւանի ջրահավաք ավազանի անմիջական ազդեցության գոտում հանքարդյունահանում իրականացնելու օրենսդրական արգելքը շրջանցելու համար:
Դեռեւս 17.05.2012 թվականին Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ամուլսար ոսկու հանքավայրի շահագործման նախագիծին տվել է բացասական եզրակացություն: Ի թիվս այլ փորձագիտական հիմնավորումների, Սեւանի փորձագիտական հանձնաժողովը նշել է, որ «Նախագծում չկան շեպերի կայունությունը հիմնավորող հաշվարկներ` հաշվի առնելով տարածշրջանի 10 բալ սեյսմիկ ուժգնությունը, լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ ՈրոտանԱրփաՍեւան թունելով նաեւ Սեւանա լիճ»: Հանձնաժողովն անդրադարձել է նաեւ սողանքների եւ ռադիացիայի հետ կապված վտանգներին, հատկապես ընդգծել է, որ այդ տարածքում հանքաքարի հարստացման ֆաբրիկայի կառուցման ծրագիրն անընդունելի է: Անհասկանալիորեն, նույն հանձնաժողովը ներկայիս նախագիծը դրական է գնահատել, չնայած որ վերը նշված վտանգները նոր նախագծով նույնությամբ առկա են:
ՀՀ նախագահի՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին 2007թ. փետրվարի 7ի ՆՀ37Ն հրամանագրի համաձայն, «3. Ազգային անվտանգության դեմ ուղղված ... ներքին սպառնալիքներն են` բնապահպանական անվտանգության տեսակետից առանձնահատուկ նշանակություն ունեն Սեւանա լճի պահպանումն ու դրա պաշարների գրագետ օգտագործումը»: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվում է որպես ուղեցույց պետության ներքին եւ արտաքին անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները ներկայացնելու համար:
Հետեւություն. Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի նախագիծը (բաց եղանակով հանքարդյունահանում եւ տեղում հանքաքարի հարստացում) հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին, քանի որ գտնվում է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում: Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունն ունի պարտադիր իրավական ուժ, ինչն անհնար է դարձնում նախագծի իրականացումը: Ամուլսարի բացահանքի եւ հանքահարստացման ֆաբրիկայի նախագծերն առաջացնում են ազգային անվտանգության սպառնալիք եւ անհամատեղելի են Հայաստանի էկոլոգիական անվտանգության ռազմավարության հետ:
● ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք
ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 26րդ հոդվածի համաձայն, «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է ... եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
1) գեզեզմաններ.
2) բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ.
3) Հայաuտանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:
● «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17րդ հոդվածի համաձայն, «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը»:
● «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16րդ հոդվածի համաձայն, Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:
WWFՀայաստանի տվյալներով Ամուլսարի նախագծի քարտեզում նշված է ՀՀ Կարմիր գրքում գրանցված մեկ բուսատեսակի` Potentilla porphyranthaի աճելու վայրը, ինչպես նաեւ նշված են ՀՀ կարմիր գրքում գրանցված երկու տեսակի սողուններ, 18 տեսակի թռչուններ, 4 տեսակի կաթնասուններ (հայկական մուֆլոնի, ընձառյուծի, բեզոարյան այծի եւ այլ կենդանատեսակների միգրացիոն ուղիները, որոնցից շատերը գրանցված են ոչ թե Հայաստանի, այլեւ միջազգային Կարմիր ցուցակում):
Վերը նշված դրույթներն ամրագրված են օրենքի մակարդակով եւ իմպերատիվ կարգով: Ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերով (օրինակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ) այս իմպերատիվ նորմը չի կարող այլ կերպ մեկնաբանվել: Որեւէ բուսատեսակի տեղափոխումը նշված վայրերից անթույլատրելի է, քանի որ արժեք է ներկայացնում ոչ միայն ու ոչ այնքան տվյալ բուսատեսակը, որքան այն վայրը, որի միկրոկլիման եւ այլ պայմանները առաջացնում են տվյալ բուսատեսակի աճելու համար բարենպաստ պայմաններ:
Հետեւություն. Ամուլսարի բացահանքի նախագիծը հակասում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին, «Բուսական աշխարհի մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներին, քանի որ այդ տարածքում աճում եւ բնակվում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ եւ կենդանատեսակներ: Նշված իրավական ակտերում արգելող դրույթներն ամրագրված են իմպերատիվ կերպով եւ չեն նախատեսում որեւէ վերապահում կամ բացառություն, ինչպես նաեւ, չեն կարող այլ կերպ կարգավորվել ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերով:
Ի հավելումն նշված օրենսդրական խախտումների, Ամուլսարի շահագործման հետեւանքով ոչնչացվելու է հսկայական արժեք ներկայացնող մշակութային ժառանգություն՝ նախնադարյան դամբարանադաշտեր եւ ոչ բավարար չափով հետազոտված հնագիտական նմուշներ:
Ամուլսարի հանքավայրի շահագործման՝ գործող նախագծի ռիսկերն են`
արդյունաբերական թափոններով ջրային ռեսուրսների` Սպանդարյանի եւ Կեչուտի ջրամբարների, Որոտան եւ Արփա գետերի ջրահավաք ավազանի եւ, վերջնական արդյունքում, Սեւանա լճի աղտոտման վտանգ, քանի որ հանքավայրի ողջ տարածքը, ներառյալ հանքաքարի արդյունահանման, նրա ջարդման, տեղափոխման եւ կուտակման տեղամասերը, գտնվում է Որոտան գետի աջ վտակների ակունքներում` դրանց ջրահավաք ավազանների սահմաններում.
ռիսկեր` կապված միլիոնավոր տոննաների հասնող լցակույտերի կուտակման եւ ցիանային արտադրության հետ.
հաշվի առնելով տարածշրջանի 10 բալ սեյսմիկ ուժգնությունը եւ սողանքային գոտի լինելու հանգամանքը, լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները Որոտանի գետահունը լցվելու վտանգը.
բաց հանքի պայթեցումներից Ջերմուկ հանքային ջրի կորստի կամ բաղադրակազմի փոփոխության վտանգ.
Ջերմուկի` որպես առողջարանային զբոսաշրջության կենտրոնի կորստի վտանգ՝ սոցիալտնտեսական հսկայական բացասական հետեւանքներով: ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» 1064Ն որոշմամբ սահմանված առողջարանային գոտու սահմաններն անցնում են հանքավայրից ընդամենը 23 կմ հեռավորության:
Ջերմուկի զարգացման ռազմավարությունը հաստատված է կառավարության որոշմամբ, եւ որտեղ արդեն միլիոնների ներդրումներ են արվել.
Ամուլսարի տարածքում առկա Կարմիր գրքում գրանցված բուսերի եւ կենդանիների ոչնչացում, թվաքանակի նվազեցում, ապրելավայրերի եւ աճելավայրերի վատթարացում.
֊ երկրի բնապահպանական քաղաքականության ոտնահարում եւ հակասում Ջերմուկ ազգային պարկի ստեղծման նախագծին, որը տարածքում նույնիսկ եթե Ամուլսարը ներառված չլինի, ապա կգտնվի ազգային պարկի բուֆերային գոտում, որտեղ նույնպես բաց հանքարդյունաբերությունը եւ վտանգավոր նյութերով արտադրությունը արգելվում են.
ռադիացիոն ռիսկերի վտանգ` կապված նրա հետ, որ Ամուլսարից 5կմ հեռավորության վրա գտնվում է Ամուլսարի ուրանային երեւակումը.
բնակչության առողջության համար ռիսկեր.
- Գնդեվազ համայնքի վերաբնակեցման վտանգ, որի մասին մինչ այժմ ոչինչ չի խոսվում, սակայն ցիանային արտադրությամբ ոսկու կորզման ֆաբրիկայի տեղակայումը համայնքից 1կմ հեռավորության վրա, որով պիտի անցնի հանքաքարով բեռնված ծանր տեխնիկան, անխուսափելիորեն հանգեցնելու է կենսապայմանների այնպիսի վատթարացման, որ համայնքում ոչ միայն գյուղատնտեսությամբ զբաղվելը, այլ նաեւ ապրելն այլեւս անհնար է լինելու:
Ամուլսարի ծրագիրն առաջացրել է նաեւ միջհամայնքային սուր կոնֆլիկտ առողջարանային Ջերմուկ քաղաքի, Գնդեվազ գյուղի եւ հարակից մի քանի գյուղերի բնակչության միջեւ, ովքեր հակասական մոտեցումներ ունեն նշված ծրագրի իրականացման վերաբերյալ: Ավելին, ազդակիր համայնքների բնակիչները պատրաստվում են դատական հայց ներկայացրել հանքավայրի շահագործման հարցերի վերաբերյալ, որին որպես համայացվորներ կմիանան նաեւ բազմաթիվ բնապահպանական կազմակերպություններ»:




























