2014 թվականին Երեւանում երեք վերգետնյա անցումներ են կառուցվել, որոնց համար համայնքային բյուջեից գումար չի ծախսվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Նա նշել է, որ այդ գաղափարը կյանքի է կոչվում Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում եւ այդ համագործակցության լավագույն օրինակներից է:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս կառուցվել է ընդհանուր առմամբ վերգետնյա 14 անցում, որոնցից 3-ը`2014 թվականին,մայրաքաղաքի Կիեւյան եւ Չարենցի փողոցներում, ինչպես նաեւ Թբիլիսյան խճուղում:
Կիեւյան փողոցի վերգետնյա անցումը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի համար 63 հիմնական դպրոցի հարեւանությամբ: Դավիթ Օհանյանը զրուցել է դպրոցի աշակերտների, ծնողների եւ տարածքի բնակիչների հետ եւ հորդորել խնամքով վերաբերվել համայնքային գույքին: Վերջիններս էլ շնորհակալություն են հայտնել անվտանգ անցուդարձ ապահովելու համար եւ պարտավորվել օգտվել միայն վերգետնյա եւ սահմանված վայրերում նշագծված անցումներից:
2015 թվականին վերգետնյա անցումների կառուցման հարցում եւս հաշվի կառնվեն բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները: Վերգետնյա անցումները կշարունակվեն տեղակայվել այն վայրերում, որտեղ քաղաքաշինական առումով որեւէ խնդիր չեն առաջացնի:




























