Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ են կրում:  Այդ մասին նշված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի հաղորդագրության մեջ, որն ամփոփել է իրենց կողմից քաղաքացիներին տրամադրված իրավախորհրդատվության արդյունքները:

ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Թեեւ գործող օրենսդրությունը տեսականորեն կարող է ապահովել անձի իրավունքների պաշտպանությունը, սակայն օրենսդրության հիման վրա ձեւավորված պրակտիկան եւ արդյունավետ կառավարման մշակույթի բացակայությունը հիմք են հանդիսանում իրավունքների շարունակական խախտումների համար: Մյուս կողմից պետական գերատեսչությունների գործունեության շրջանակներում դրսեւորվող տարբեր չարաշահումները եւ դրանց համարժեք պատասխանատվության բացակայությունը ձեւավորում են մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթը:

Հարկ է նշել նաեւ, որ դատական համակարգում առկա խնդիրների հետեւանքով նույնիսկ այն դեպքերում, երբ առկա է դատական կարգով խախտված իրավունքի վերկանգնման հավանականությունը, այդ դեպքերում եւս պետական կառավարման մարմինների անգործությունը կամ ոչ իրավաչափ գործունեությունը չի հանգեցնում իրավունքի խախտումների կանխարգելմանն ու վերականգնմանը:

Մյուս կողմից, դեռեւս բավականին ցածր է քաղաքացիների իրավագիտակցությունը, եւ իրավունքների խախտումների մեծ մասը տեղի է ունենում հենց այն պատճառով, որ քաղաքացին չունի պատկերացումներ իր հիմնարար իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ: Այս մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ իրավախորհրդատվության համար քաղաքացիների զգալի մասը կազմակերպությանը դիմել է այն դեպքերում, երբ արդեն անարդյունավետորեն սպառել է գոյություն ունեցող քրեական, վարչական եւ դատական պաշտպանության գործող միջոցները:

Այս հանգամանքը հնարավորություն է տվել գնահատել պետական մարմնի`քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների իրավաչափությունը եւ դուրս բերել գոյություն ունեցող համակարգային եւ օրենսդրական այնպիսի խնդիրներ, որոնց առկայությունը, ցավոք, հիմք է հանդիսանում իրավունքների խախտումների շարունակականության համար»: