2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին ուղղված հրավերը ավելի շուտ մարտահրավեր էր այն տեսակետից, որ եթե Թուրքիան իրականում կարծում, է, որ իբրեւ թե պետք է քննարկել պատմական իրադարձությունները, ապա նրանց նախագահը պետք է ժամանի եւ տեսնի՝ թե ինչպես են հայերն արձագանքում այդ ամենին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հայտարարեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: 

Նրա խոսքով՝ այն փաստը, որ Թուրքիան մինչեւ օրս չի խոստովանում, որ նման հրավեր եել է, խոսում է այն մասին որ թուրքական կողմը նման քայլի չի սպասել: «Կարծում եմ, կարեւոր է, որ թուրքական հանրության ներկայացուցիչները մասնակցություն են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին», - նշեց Մանոյանը: ՀՅԴ Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավարը չբացառեց, որ Թուրքիան որոշակի քայլեր կձեռնարկի հայկական նախաձեռնություններին հակազդելու համար: «Մենք պետք է պատրաստ լինենք դրան եւ հետեւապես, պետք է մթնոլորտ ստեղծենք, որը կբացահայտի՝ ինչ մենք նկատի ունենք՝ խոսելով ճանաչման եւ փոխհատուցման մասին», - հավելեց Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը եւ թուրքական առաջնորդին հանձնել 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավեր: