«Մալաթիա» բժշկական կենտրոնում առանց ձեռքի թաթիկների եւ ոտնաթաթի ծնված եւ այժմ Միսիոներների բարեգործական կազմակերպությունում գտնվող բալիկի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Բարի մամա» կազմակերպությունից, որն այցելել է բալիկին, հագուստ եւ այլ իրեր տարել:
«Ռաֆայելը շատ լավ է, որեւէ առողջական խնդիր չունի, ժպտերես եւ խելոք բալիկ է, հաստատությունում շատ ուշադիր են իր հանդեպ, մենք էլ պարբերաբար այցելում ենք, անհրաժեշտ իրեր տանում»,-հայտնեցին կազմակերպությունից:
Երեխային որդեգրելու ցանկություն հայտնողներ առայժմ չկա, բայց կազմակերպությունում վստահ են, որ երեք ամիսը լրանալուց հետո, երբ նա կհայտնվի արտասահմանից որդեգրման համար նախատեսված ցուցակում, այդ ժամանակ նրա համար ծնող գտնելն ավելի հեշտ կլինի:
Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի եւ մեկ ոտքի թաթի: Այդ մասին երեխայի ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել, չնայած այն հանգամանքին, որ նույն բժշկական կենտրոնում հղին հինգից ավելի ուլտարձայնային հետազոտության է ենթարկվել: Ասում են՝ «ԷԽՕ»-ի բժիշկն ազատվել է աշխատանքից եւ ընդհատակ անցել:




























