Մարտական անցյալ ունեցող տղերքի վրա ձեռք բարձրացնելը շանտղություն է, լավ բան չի, շատ ցավում եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը:

Նա նշեց, որ չի տիրապետում ազատամարտիկներին ծեծի ենթարկելու դեպքի մանրամասներին, ուստի չի կարող գնահատական տալ: Դավիթ Ամալյանը չցանկացավ նաեւ գնահատական տալ ոստիկանապետի այն  հայտարարությանը, թե «թերթերում իրար մի լափեթ, եկեք հայտարարություն տվեք»: Երգահանը նշեց, որ մարտի 1-ից հետո ինքը ընդհանրապես քաղաքականության մասին որեւէ գնահատական չի տալիս: «Վոլոդյան իմ ընկերն էր, իրեն շատ հարգում եմ, սիրում եմ, կիսում եմ իր մտորումները, բայց ես այդ քաղաքական պայքարին կողմ չէի:  Բացի դավաճանությունը եւ դավաճաններին մաքրելը, որոնք երկու թեւերում էլ կան, դեմ եմ, որ ազատամարտիկները քաղաքականությամբ զբաղվեն»,-ասաց Դավիթ Ամալյանը:

Նա նշեց, որ արդեն հոգնել է ներքին խժդժություններից, այդ ամենի պատասխանը Սեւակը վաղուց  է տվել՝  «մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում», իսկ աշխարհի շալակն ելածները եւ ընդդիմությունում կան, եւ իշխանությունում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էին ենթարկել ազատամարտիկներ Ապարանի ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին եւ «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, իսկ այսօր էլ՝ Սուրեն Սարգսյանին: