Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել եւ ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերից եւս մեկի արդյունքները: Նախագծի շրջանակներում սահամանամերձ Վահան գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ: Դրա գործարկման աշխատանքներին հետեւել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը եւ համայնքի բնակիչները:

«Այս գյուղի անունը համապատասխանում է սահմանամերձ իր դիրքին եւ բնակիչների դրսեւորած հերոսությանը. Վահանը Հայաստանի հյուսիսարեւելյան վահանն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության հիմքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հեռավոր գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու պատասխանատվությունը: Այլընտրանքային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչ համակարգը կարեւոր է ոչ միայն հարմարավետության տեսանկյունից` տաք ձմեռ անցկացնելու իմաստով, այլեւ շահեկան է տնտեսական առումով` ֆինանսական ծախսերը նվազեցնելու առումով: Այսօրինակ ծրագրերը արդարացված են նաեւ բնապահպանական տեսանկյունից: Ուրախ եմ, որ մենք կարող ենք թեթեւացնել մեր հայրենակիցների սոցիալական բեռը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ադրբեջանի հետ 28կմ ընդհանուր սահման ունեցող Վահան գյուղն ունի 1228 բնակիչ: Գյուղի մանկապարտեզի երկհարկանի շենքը կառուցվել է վաթսունականների վերջում: Այսօր մանկապարտեզն ունի 42 սան եւ 11 հիմնական աշխատող:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում ջրատաքացուցիչ համակարգը միացվել է մանկապարտեզի ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման համակարգին, որի միջոցով ցերեկային ժամերին ամբողջությամբ անվճար սկզբունքով ջեռուցվում եւ տաք ջուր է մատակարարվում մանկապարտեզին: Մանկապարտեզն աշխատում է ցերեկային ժամերին, իսկ գիշերն անհրաժեշտ է լինում ապահովել միայն ջեռուցում, որպեսզի համակարգը չսառչի: Այս ամենի արդյունքում հնարավոր է լինում առնվազն 60%-ով տնտեսել գազի սպառումն ու կրճատել ծախսը:

Արեւային ջեռուցման եւ ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 6 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 180 հատ): Հայաստանում, ի դեպ, 70մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58մմ-ը) եւ առավել արդյունավետ են: Վակուումային մեկ խողովակի երկարությունը 2.1մ է: Համակարգն ունի նաեւ 500 լիտր տարողությամբ երկկոնտուր ջերմափոխանակիչ բաք, ինչպես նաեւ ղեկավարման համակարգ` իր պոմպով: Մանկապարտեզում տեղադրված արեւային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: