Մայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի 5-ից մեկնարկել է ծառերի եւ թփերի աշնանային սանիտարական էտը: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող այս գործընթացը վերահսկում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը: Հիմնականում էտվում են  թեղիները, թխկիները, բարդիները, կաղնիներն ու անկման վտանգ պարունակող ծառերը։ Երեւանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության հիման վրա խոր էտ կատարվում է միայն թեղի եւ առանձին դեպքերում բարդի տեսակի ծառերի դեպքում, քանի որ, այդպիսով, հենց առաջին տարվա ընթացքում դրական ազդեցություն  կապահովվի աճի, տերեւների մեծության, հիվանդությունների նվազեցման, արտաքին տեսքի կարգավորման, ծառերի կենսունակության  եւ զարգացման վրա։

Աշնանային էտը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 25-ը: Նախատեսվում է աշնանային էտի ժամանակահատվածում ձեւավորել շուրջ 6000 ծառ։