Արձակուրդից գնացող զինծառայողներից, բացի ուղեվարձից, ամեն մի ճամպրուկ-տոպրակի համար 1000 դրամ գումար են վերցնում: Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած զինվորի մայրը, ով չցանկացավ, որ իր անունը նշվի:
Նա պատմեց, որ իր որդին մոտ 6 ամսվա զինծառայող է, ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակում, երկու օր առաջ արձակուրդից հետո մեկնել է ծառայության: «10 օրով արձակուրդ էր եկել, իրենք իրենց ֆինանսավորմամբ ուղարկում են, 10 հազար դրամ տալիս են, ուղարկում, գնալու գումարը բնականաբար պետք է ծնողը հոգա, նախապես մեզ ասել էին, որ ուղեվարձը 7000 դրամ է, հեռախոսհամար էին թողել, օր, ժամ, վայր, որտեղից պետք է զինվորները մեկնեին «Սպրինտեր» մեքենայով: Երեխան տվեց 7000 դրամ, մեկ էլ ամեն տոպրակի համար 1000 դրամ ուզեցին, հնարավոր է զինվորի մոտ այդ գումարը չկար, ծնողը այդ պահին աշխատավայրում է, կարելի է չէ˚ այդ մասին նախապես ասել, այնտեղ այնքան խեղճ ծնողներ կային, անապահով ապրող, վատ հագնված, արցունքները աչքերին... Ի˚նչ խղճով են զինվորից գումար վերցնում, երբ գիտես, որ նա գնում է հայրենիքդ պաշտպանի, նա գնում է սահման»,-պատմեց ծնողը, ով նաեւ լուսանկարներ է ուղարկել մեր խմբագրություն:
Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք Պաշտպանության նախարարությանը, որտեղից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենք խստորեն դատապարտում են նման սպեկուլյատիվ երեւույթները: «Չի կարելի զինվորներից փող աշխատել, դա նորմալ չէ»,-հայտնեցին նախարարությունից: ՊՆ-ից եւս հաստատեցին, որ տուն գալու գումարը իրենք տալիս են, վերադարձինը հոգում է ծնողը: Իսկ զինվորների փոխադրումը իրականացնում են տարբեր մասնավոր կազմակերպություններ, որոնք իրենց հետ կապ չունեն եւ որեւէ լծակ չունեն նրանց վրա ազդելու:




























