Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը չի ցանկանում որեւէ գնահատական տալ ԴԱՀԿ աշխատակիցների՝ Ծիծեռնակաբերդում երդմնակալության արարողությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ իրենք պատասխանատու են այն ամենի համար, ինչ թանգարանի կողքը եւ շուրջն է կատարվում: «Ծիծեռնակաբերդի հուշարձանը փակ չէ կամ  ես Ծիծեռնակաբերդի տնօրենը չեմ, որ ինչ-որ մեկին արգելեմ կամ թույլ տամ, թույլ չտամ: Սխալ ընկալում կա, թե թանգարանի տնօրինությունը կարող է դա բացառել, եթե հանցագործ է, չար նպատակով է եկել, ոստիկանություն կա, որը թույլ չի տալիս»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ Ծիծեռնակաբերդում երդում են տալիս նաեւ զինվորները, ռազմական ոստիկանությունը, նախորդ տարի, օրինակ, երդման համար եկել էին Վազգեն Սարգսյանի սպայական դպրոցի սաները:

«Պատկերացնում եք ինչ-որ մեխանիզմ, որով Դեմոյան Հայկը արգելեր, ինչի˚ եք ինձնից հարցնում, թե ինչ խորհուրդ ուներ, զանգեք իրենց: Ես ի˚նչ մեկնաբանեմ, ինչի˚ մտնեմ անիմաստ, կողքից ընթացող ավելորդ խոսակցության մեջ, եթե զբաղված եմ կարեւոր հարց լուծելով՝ թանգարանի աշխատանքներով: Հնարավոր է մեկը չի սիրում նրանց, խնդիր ունի այդ ծառայության հետ, դրա համար մեկնաբանում է: Ես ինչի˚ պիտի խնդիր տեսնեմ, նույն դատական հարկադիրը ինչքան վատը լինի, էնքան կարող է լավը լինեն, պետական գերատեսչության ներկայացուցիչն են, դուք ուզում եք՝ ես իրենց վատը ասեմ, թե լավը, ես թողնում եմ առանց մեկնաբանությունների, կարող է կարծիք ունեմ, կարող է չունեմ, բայց ես թողնում եմ դա ինձ»,-ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: