Հրանտ Դինքի ցավն է պատճառ դարձել, որպեսզի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից  Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալի գրի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Սարն ի վեր» նախագծի հերթական միջոցառմանը  հայտարարեց Հասան Ջեմալը (ֆոտոռեպորտաժ):

«Ինձ այստեղ բերեց իմ սիրելի Հրանտ Դինքի ցավը, ինձ այստեղ բերեցին նրա ցավերը,  որոնցից գլխավորը Ցեղասպանության ցավն է։ Ցավերը հասունացնում են և՛ մարդկանց, և՛ ժողովուրդներին։ Սիրելի եղբայրս՝ Հրանտը, կյանքով վճարեց և կարողացավ տեղաշարժել կարևոր քարերը, որոնց օգնությամբ կարող են հաղթահարվել թուրքերի և հայերի պատմական ցավերը։Նա մահացու հարված հասցրեց քարացած տաբուներին»,- նշեց գրքի հեղինակը:

Հասան Ջեմալը պատմեց, որ  Հրանտ Դինքն է ազատել  «իր գերի ընկած միտքը» եւ օգնել է ըմբռնել, որ «ցանկացած տեսակի ազգայնականություն խաղաղության թշնամին է»։

«Ես Հրանտ Դինքի ողբերգական մահից հետո սկսեցի հասկանալ, որ երբ ազգայնականությունները բախվում են, մարտնչում են, հնարավոր չէ մարդկության համար բացել խաղաղության ճանապարհը»,- ասաց Ջեմալ փաշայի թոռը ։

Գրող, լրագրող Հասան Ջամալը հավաքվածներին ասաց, որ ինքը եկել է Հայաստան կիսելու Ցեղասպանության պատճառով հայերի կրած ցավերը: Նա կոչ արեց պատմության պատճառով չթշնամանալ եւ չվախենալ պատմությունից:

«Այն վախը, թե պատմության էջերից կարող են դուրս գալ ուրվականներ և զոմբիներ ու մեզ կուլ տալ, շատ ծիծաղելի է։ Այսպիսի ծիծաղելի վախը շատ տարածված է Թուրքիայում։ Պատմությունն էլ, կյանքն էլ ժամանակ առ ժամանակ շատ դաժան են։ Եկեք պատմության պատճառով չթշնամանանք միմյանց հետ: Պատմությունն էլ, կյանքն էլ ժամանակ առ ժամանակ շատ դաժան են: Հրանտ եղբայրս մի մոմ վառեց, հիմա հերթը մերն է, պետք է չկառչենք մահերից և կառչենք կյանքից»,- նշեց Հասան Ջեմալը։

Ջեմալ փաշայի թոռն ասաց, որ ինքը չգիտի, թե ինչ սպասել Թուրքիայի իշխանություններից Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ. «Չգիտեմ՝ինչ կանի: Հիմա ես էլ եմ հեռու քաշված և ուզում եմ հետեւել այդ իրադարձությունների: Ես այնքան էլ լավատես չեմ 100-րդ տարելիցին ընդառաջ»: