ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը վրդովված է, որ Ջեմալ փաշայի թոռան հնարավորություն է տրվել Երեւանում հայտարարություններ անել, որտեղ իր պապուն ոչնչացնողներին անվանում է «հրոսակ», ԱՍԱԼԱ-ի տղաներին՝ «ահաբեկիչ», իսկ Արցախը՝ «օկուպացված»:
Այս առնչությամբ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Ռոման Ծատինյանը նշել է.
«Անկեղծ ասած, վրդովմունքով տեղեկացանք, որ նրան հնարավորություն է տրվել նման հայտարարություններով հանդես գալ՝ այն էլ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին: Նա իր պապուն ոչնչացնողներին «հրոսակ» է անվանում, ԱՍԱԼԱ-ի տղաներին՝ «ահաբեկիչ», իսկ Արցախն էլ՝ «օկուպացված»:
Նախ, անկեղծ ասեմ, սկզբից որոշել էինք ձվերով ակցիա կազմակերպել ու իրեն հիշեցնել, թե ո՞վ է իսկական հանցագործն ու ահաբեկիչը, հետո մտածեցինք, որ սա իր եւ իր նմաննների համար եւս մեկ առիթ է, որպեսզի ամբողջ աշխարհով մեկ վայնասուն բարձրացնեն: Ուղղակի Ջեմալի թոռանը ցանկանում եմ հիշեցնել, որ միայն Հնչակյան կուսակցությունը բազմիցս փորձել է վերացնել իր պապիկին՝ միլիոնավոր անմեղ մեր հայրենակիցներին ցեղասպանելու, հայրենազրկելու համար: Սա ասում եմ հպարտությամբ: Երկրորդ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությանն այդքան չի հետաքրքրում, թե Ջեմալի թոռն ինչե՞ր է ասում, մեզ ավելի շատ վիրավորում է, որ նրան Հայաստան բերողները հայեր են: Թերեւս ձվերը պետք է ուղղվի նրան Հայաստան բերողների եւ երեկվա միջոցառմանն այդքան պաշտպանողների վրա: Դրա օրն էլ կգա, հավատացե՛ք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի Երեւանյան շնորհանդեսին (դեկտեմբերի 11-ին) «Մոսկվա» կինոթատրոնում սկանդալ է տեղի ունեցել:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը աղմուկ է բարձրացրել, երբ հանդիպման ավարտին կազմակերպիչները հնարավորություն չեն տվել հեղինակին հարցեր ուղղել:
«Հազիվ էլ սենց հիմարություն «Հրանտ Դինք» հիմնադրամը աներ, հիմնադրամը իբր հայկական է, իրականում թուրքական է»,- դահլիճից դուրս գալով արձագանքելն է Ռ.Մելքոնյանն ու հավելել. «Շատ կարեւոր հարցեր պետք է տրվեին: Գրքում Ջեմալը գրում է, որ հայերը 1992-1993 գրավեցին Լեռնային Ղարաբաղը, օկուպացրեցին Ադրբեջանի 20 տոկոսը: Պետք է հարցնել իր պես մարդը, որը խոսքի ազատության ջատագով է, ինչու է կրկնում ալիեւյան հռետորությունը: Գրքի հրատարակիչը «Հրանտ Դինք» հիմնադրամը, կամայականորեն փոփոխություններ է արել, թարգմանության տեքստում: Հանել են թարգմանչի տողատակերը, մասնավորապես «Ղարաբաղի գրավման եւ Ադրբեջանի տարածքների օկուպացման» մասով, որ ես նշել էի, որ հասարակությունը չի ընդունում այս կարծիքը ու դա հակասում է պատմական իրողություններին»:
Գրքի թարգմանիչը հայտնել է, որ տեքստից հանվել է նաեւ իր գրառումը ԱՍԱԼԱ-կազմակերպության վերաբերյալ, որը ներկայացված է որպես տեռորիստական կազմակերպություն:
Սկանդալ Ջեմալ Փաշայի թոռան Ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսին (ֆոտո)




























