Հայաստանի դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը կողմնորոշված են բոլոր երկրների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Սակայն համագործակցությունը զարգացնելը հնարավոր է միայն նրանց հետ, ովքեր պատրաստ են դրան», - հայտարարեց նախարարը՝ ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարի կոչի երաբերյալ հայկական կողմի դիրքորոշման հարցին: Հիշեցնենք, որ թուրք նախարարը հայտարարել էր տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ներգրավման հնարավորության մասին, սակայն մի շարք պայմաններով:

«Հնարավո՞ր է, արդյոք, համագործակցել մի կողմի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, փակ է պահում Հայաստանի հետ սահմանները, Ցեղասպանության ագրեսիվ ժխտման քաղաքականություն է վարում եւ ընդհանրապես, բավականին թշնամաբար է արտահայվում Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերին»: Համագործակցել կարելի է միայն նրա հետ, ով պատրաստ է դրան:

Երբ Թուրքիան պատրաստ կլինի առերեսվել սեփական պատմության հետ, կիրականացնի ստանձնած պարտավորությունները, այդժամ կարելի է քննարկել այդ հարցը: Թուրքերը պետք է լսեն ոչ միայն սեփական այլ նաեւ միջազգային հանրության կողմից հնչեցված հայտարարությունները: Իսկ այն ասում է. Գնդակը թուրքական կողմում է: Երբ Թուրքիան կպատասխանի Հայաստանի մեկնած ձեռքին, այդժամ հնարավոր կլինի զարգացնել համագործակցությունը», - ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը: