Հայաստանում վերջին 10 տարիներին անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու արդյունքում հարուցվել է 143 քրեական գործ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի փորձագետ Դավիթ Թումասյանը:
«Երեխաների հանդեպ բռնությունն իրականացվում է ոչ միայն ընտանիքում, այլեւ բակում, դպրոցներում եւ այլ վայրերում: Բռնությունների ենթարկվողները հիմնականում մինչեւ 18 տարին չլրացած անչափահասներ են: Հայաստանում գրանցվել է նաեւ 7 դեպք, երբ բռնություն իրականացվել է անչափահասի նկատմամբ հենց անչափահասի կողմից»,- ասաց Դավիթ Թումասյանը:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանն էլ նշեց, որ բռնության դեպքերը հիմնականում ազգականների կամ խորթ ծնողների կողմից է իրականացվում:
«Հայաստանում բռնության դեպքերը իսկապես մտահոգիչ են, քանի որ շատ դեպքերում երեխան հենց հարազատների կողմից է բռնության ենթարկվում: Դա կարող է լինել երեխայի քեռին, կամ նրա խորթ հայրը»,- ասաց Տաթեւիկ Աղաբեկյանը՝ նշելով, որ հենց երեխաների մայրերը շատ դեպքերում մեկ ապտակը համարում են դաստիարակության մեթոդ, իսկ բռնության մասին չեն բարձրաձայնում, հետագայում հասարակությունում մատնացույց անելու խնդրից խուսափելու համար:




























