Լատվիան հավելյալ քայլեր է գործադրելու` բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է աշխատանքային այցով Երեւան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց պարբերական քաղաքական երկխոսությունը` Հայաստանի եւ Լատվիայի միջեւ, որը նպաստում է երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ նախարար Ռինկեւիչն ասաց, որ Լատվիան հավելյալ քայլեր է գործադրելու` բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ։
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկեւիչն անդրադարձան բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։
Բանակցությունների օրակարգում էին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցությանը։
Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ իրավապայմանագրային դաշտը եւ կարեւորվեց նոր համաձայնագրերով դրա համալրումը։
2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվեց Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը:
Նախարարական հանդիպման օրակարգում էին առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը: Այդ առումով կարեւորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։
Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս:




























