Ֆրանսիան հայտ է ներկայացրել` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը: Այս մասին նշված է Ֆրանսիայի կրթության նախարարի նամակում, որը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանձնել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է պարոն դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը միաժամանակ եւ’ դժվար է, եւ’ հեշտ: «Հեշտ է, քանի որ աշխատելու եք Ֆրանսիայի հանդեպ շատ բարեկամաբար եւ ջերմ սիրով տոգորված երկրում, բայց միաժամանակ դժվար, քանի որ մտերիմների եւ հարազատների նկատմամբ սովորաբար ավելի պահանջկոտ են լինում»,-նշել է Ա. Աշոտյանը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար, նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը, որ հայ-ֆրանսական հարաբերությունների մակարդակը պահպանվի բարձր նշաձողի վրա` միաժամանակ խորացնելով կառուցողական եւ արդյունավետ համագործակցությունը:
Դեսպանը նախարարին է փոխանցել Ֆրանսիայի կրթության նախարարի նամակը, որով Ֆրանսիան հայտ է ներկայացրել` հաջորդ տարի Հայաստանից ստանձնելու Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը: Դեսպանը հավաստիացրել է, որ Ֆրանսիայի ընտրության պարագայում իր երկիրը կշարունակի որդեգրած քաղաքականությունը` բուհական եւ գիտահետազոտական եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ստեղծման եւ պահպանման տեսանկյունից:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը` նշելով, որ շուրջ 10-ամյա գործունեության ընթացքում բուհը կարողացել է իր արժանի տեղը գրավել ՀՀ կրթական շուկայում:
Նախարարը, ողջունելով ֆրանսիական կողմի նախաձեռնությունը` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, նշել է, որ Հայաստանը` որպես ներկայումս նախագահող երկիր, ամեն ինչ կանի, որպեսզի այդ ընտրություններն անցնեն հավուր պատշաճի:
Անդրադառնալով ՀՀ դպրոցներում ֆրանսերենի դասավանդման խնդրին` Ա. Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ֆրանսերենի ուսուցանումը դպրոցներում ընդլայնվի: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ գիտական համագործակցության խնդիրներին, մասնավորապես, երկու երկրների գիտնականների մասնակցությամբ համատեղ ատենախոսությունների պաշտպանության հաջողված փորձին:




























