Հայաստանի եզդի համայնքը ցանկանում է ներկայացուցիչ ունենալ Ազգային ժողովում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Սինջար եզդիների միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին` հավելելով, որ այդ կերպ եզդի համայնքը հնարավորություն կունենա բարձաձայնելու իր կրոնական, կրթական, մշակութային եւ առկա այլ խնդիրների մասին:

«Լավ կլինի` ԱԺ-ում եւ կառավարությունում սահմանվի քվոտա, ըստ որի` ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունենան իրենց ներկայացուցիչը ունենալ խորհրդարանում: Այսքան ժամանակ չի եղել, որ եզդի համայնքին վերաբերող որեւէ հարց հնչի ԱԺ-ում, եթե բողոքի ակցիա չի եղել: Եթե համայնքը ներկայացուցիչ ունենա, հարցերը, որոնք մեզ են վերաբերում, կբարձրաձայնի այնտեղ»,- նշեց Բորիս Մուրազին:

Ըստ Մուրազիի, քվոտայով պետք է նաեւ չափանիշ սահմանի, թե ովքեր են ազգային փոքրամասնություն համարվում ՀՀ-ում: 

«Հայաստանում կա գրանցված 11 համայնք, բայց դրանք դասական իմաստով չեն կարող համայնք համարվել: Ինչպես էլ որ գրանցեն եզդիական համայնքը,  հաստատ փոքրամասնություն կհամարվի, իսկ այդ 11 համայնքից միանշանակ մի քանիսը կմնան»,-ասաց «Սինջար եզդիների միավորում» ՀԿ նախագահը:

Մուրազին վստահեցրեց, որ խորհրդարանում եզդի համայնքի ներկայացուցիչ ունենալը Հայաստանի դիրքերը կամրապնդի նաեւ միջազգային հարաբերությունների ոլորտում:

«Դրանով Հայաստանը ցույց կտա, որ իր ներսում ապրող բոլոր ժողովուրդները կարող են մասնակից դառնալ երկրում ընթացող գործընթացներին»,- ասաց նա:

Եզդի համայնքի ներկայացուցիչը նշեց, որ իրենց համայնքը նաեւ կարեւորում է սահմանադրական բարեփոխումները` հույս ունենալով, որ դրանք կարտացոլեն իրենց շահերը որպես ՀՀ քաղաքացի:

Նա նշեց, որ «Սինջար եզդիների միավորում» ՀԿ-ն եւ մի քանի այլ կազմակերպություններ այս հարցով պատրաստվում են դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ  ստորագրահավաք կանցկացնեն:

«Սահմանադրական բարեփոխման գործընթացն այն քայլն է, որին պետք է մասնակցեն ՀՀ բոլոր քաղաքացիները: Մենք եւ եւս մի քանի կազմակերպություններ պատրաստվում ենք դիմել նախագահին, քանի որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունն իրենն է»,- ասաց Մուրազին: