Հայաստանում Իրաքի եզդիների նկատմամբ պատշաճ վերաբերմունք չկա խորհրդարանի կողմից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հասարակական գործիչ, «Սինջար եզդիների միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին:
«Մենք ազգային ժողովի դիմաց էլ ակցիա արեցինք, որպեսզի ԱԺ-ն արձագանքի եւ իր վերաբերմունքը ցույց տա Իրաքի դեպքերի վերաբերյալ: Այս մասով, կարծում ենք, Հայաստանում դեռ անելիքներ կան»,- ասաց Մուրազին:
Այնուամենայնիվ, Մուրազին նշեց, որ ՀՀ նախագահը Իրաքի եզդիների խնդիրների բարձաձայնման հարցում մեծ դեր է ունեցել` ՄԱԿ, ԱՊՀ, ԵՏՄ ամբիոններից խոսելով այդ մասին:
«Գոնե նախագահը այս հարցում որոշ քայլեր արել է` Իրաքի եզդիների մասին բարձրաձայնելով տարբեր կարեւոր ամբիոններից, իսկ ԱԺ-ն այս մասով բավարար ընթացակարգեր չի կիրառել»,- ասաց Մուրազին:
Մուրազին նշեց, որ Իրաքի լեռներում այժմ կա շրջափակման մեջ գտնվող 10 000-ից ավելի եզդի, իսլամական պետության դեմ մարտեր մղող 7000 մարտիկներ եւ 400 000-ից ավելի փախստականներ` ավելացնելով, որ ձմռան հետ կապված իրավիճակն ավելի է վատթարացել, քանի որ ճամբարների վրաններում անհրաժեշտ պայմաններ չեն ապահովվում:




























